Կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են․ Քոչարյանը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանական կողմից հնչող կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ապակիները կվերանորոգենք, ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները գնահատվեն նաև ԵՄ դիտորդների մակարդակով, հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- նշեց նա։
Շեշտեց՝ անհրաժեշտության դեպքում հայկական կողմից պատասխան կլինի։ Ինչ վերաբերում է կրակոցների պատճառին՝ Քոչարյանի կարծիքով՝ հիստերիկ դրսևորումներ են։
«Կարող է մյուս կողմում կանգնածներն էդ օրը որոշել են անկանոն կրակներ ուղարկեն մեր բնակավայրերի ուղղությամբ»,- նշեց Քոչարյանն ու հավելեց, որ կրակոցների և ապրիլի 5-ի բրյուսելյան եռակողմ հանդիպման միջև կապ չի տեսնում։
Շեշտեց՝ վերջին օրերի կրակոցներում ռազմական գործողությունների, էսկալացիայի տանելու ուղղությամբ քայլեր չի տեսնում։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը հրաձգային զենքից կրակ են բացել Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հատվածում ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ, հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել նաև ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։
Sputnik.