Հայկական բեռնատարների վարորդները կկարողանան ապրանք տեղափոխել էլեկտրոնային բեռնագրերով
https://parstoday.ir/hy/news/armenia-i216800-Հայկական_բեռնատարների_վարորդները_կկարողանան_ապրանք_տեղափոխել_էլեկտրոնային_բեռնագրերով
Բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրերը կկառավարվեն էլեկտրոնային եղանակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2024 08:08 Asia/Tehran
  • Հայկական բեռնատարների վարորդները կկարողանան ապրանք տեղափոխել էլեկտրոնային բեռնագրերով

Բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրերը կկառավարվեն էլեկտրոնային եղանակով։

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ–ն այս կոնվենցիային միացել է 2006 թ. հունիսի 9-ին։ 2008 թ. կոնվենցիան լրացվեց e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որը բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային եղանակով կառավարման հնարավորություն է տալիս։

2011 թ. հունիսի 5-ին ուժի մեջ մտած e-CMR արձանագրությանը միացել է 34 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Թուրքիան և այլն։

«Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը (e-CMR) դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը, ապահովում է էլեկտրոնային եղանակով մաքսային ընթացակարգերի իրականացումը, նպաստում է լոգիստիկ ծառայությունների արդյունավետության և մրցակցության բարձրացմանը։ Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագրի կիրառումը նվազեցնում է տրանսպորտային կազմակերպությունների ծախսերը, արագացնում է վարչարարությունը, նվազեցնում է բեռնափոխադրումների ընթացքում հնարավոր անճշտությունները, դյուրացնում է վերահսկողությունը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի ՀՀ սահմանադրական դատարան: Եթե ՍԴ–ն պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

arm.sputniknews.ru