Երևանն ու Բաքուն առաջին անգամ հարց են լուծել սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i216906-Երևանն_ու_Բաքուն_առաջին_անգամ_հարց_են_լուծել_սեղանի_շուրջ._Նիկոլ_Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանը և Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2024 14:23 Asia/Tehran
  • Երևանն ու Բաքուն առաջին անգամ հարց են լուծել սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանը և Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։

Հայաստանը և Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է արել Ստեփանավանում` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Երեկվա հայտարարության հետ կապված ես նախ կուզենամ, որ մենք տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Չէի ուզենա, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզենա, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց։ Սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար։ Ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը»,– նշեց Փաշինյանը։

Նա շեշտեց` հաստատվել է նաև այն, որ սահմանազատման գործընթացի ժամանակ ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ տարիներին իրավական նշանակություն ունեցող սահմանը։

Փաշինյանը երեկվա պայմանավորվածությունն անկյունաքարային է համարում Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու զարգացման հաջորդ փուլի համար։ Ըստ նրա` այս որոշումն էականորեն կնվազեցնի անվտանգային հարցերը, որոնք կան Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով։

«Մենք հիմա պայմանավորվել ենք այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել սահմանազատման հետագա գործընթացի վերաբերյալ։ Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ։ Ես ասել եմ նրանց, որ հենց թուղթ ստորագրվի, գալու են, ասեն, թե այն չէ, ինչի մասին հայտարարվել է, ուրիշ բան են արել։ Խնդրել եմ ոսկեպարցիներին, որպեսզի որևէ բանի չհավատան։ Նույնը վերաբերում է նաև Կիրանցին։ Ես մեր գյուղացիներին ասել եմ` եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, բնականաբար մենք նրանց իրավունքներին տեր կկանգնենք, անհրաժեշտության դեպքում նոր տներ կկառուցենք։ Բերքաբերում նման խնդիր բացարձակ չկա»,– նշեց Փաշինյանը։

Sputnik.