Չեն հավատում իշխանություններին․ տավուշցիները կրկին փակեցին Կիրանց-Ոսկեպար ճանապարհը
Ասում են՝ գյուղեր մարդիկ են եկել, սահմանազատման աշխատանքներին առնչվող գործողություններ են կատարում։
Տավուշցիները քիչ առաջ կրկին փակեցին Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ոսկեպարում բնակվող քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ բնակիչները որոշեցին չսպասել երկուշաբթի օրը կայանալիք փոխվարչապետի հետ հանդիպմանը, քանի որ գյուղ մարդիկ են եկել՝ սահմանազատման աշխատանքներին առնչվող գործողություններ են իրականացնում։
Կիրանցի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բնակիչների մի մասն արդեն դուրս էր եկել ճանապարհ, բայց չէին փակում։ Այն բանից հետո, երբ գյուղ սահմանապահներ մտան ու սկսեցին ինչ-որ չափուձև անել այն հատվածներում, որտեղով, ըստ նոր հրապարակված քարտեզների, անցնելու է սահմանը, բնակիչները որոշեցին ճանապարհ փակել։
Ֆեյսբուքյան եթերի ժամանակ Սուրեն Պետրոսյանը հայտնեց, որ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ է, որտեղ զինված ուժերը փորձում էին ականազերծման աշխատանքներ իրականացնել եկեղեցու հարակից տարածքներում։ Սակայն գյուղի բնակիչները խոչընդոտել են և թույլ չեն տվել աշխատանքները շարունակել։
«Այստեղից պարզ երևում է, որ իշխանությունը կրկին խաբել է, և սա մեծագույն կեղծիք է, կան պայմանավորվածություններ, և սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երևում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է»,- իր խոսքում նշում է Պետրոսյանը։
Նշենք, որ երեկ մեզ հետ զրույցում տեղի բնակիչները հայտնեցին, որ ականազերծման աշխատանքներ են փորձել իրականացնել նաև Բաղանիս գյուղի հատվածում, սակայն բնակիչները կրկին խոչընդոտել են։
Sputnik.