Մայիս 05, 2024 17:28 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Իվանա Ժիվկովիչը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու կայցելի ՀՀ մարզեր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։

Նշվում է, որ նա կայցելի Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և կհանդիպի ՄԱԶԾ-ի ծրագրերի շահառուների հետ։

«Այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես նաև դիտարկել ՄԱԶԾ-ի զարգացման օրակարգը և հիմնական առաջնահերթությունները միջազգային և ազգային գործընկերների հետ»,– գրված է հաղորդագրությունում։

Իվանա Ժիվկովիչը կհանդիպի Ազգային ժողովի նախագահի, ՀՀ փոխվարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։ Նա նաև քննարկումներ կունենա ՄԱԿ-ի երկրի թիմի, դիվանագիտական կորպուսի, զարգացման գործընկերների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Sputnik.