Մայիս 06, 2024 15:47 Asia/Tehran
  • Խաղաղության պայմանագրի հիմքում դրված են միջազգային նորմերը․ Ալեն Սիմոնյանի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը պետք է շատ արագ ավարտին հասցնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Ալմաթիում կայանալիք հանդիպմանը։

Նա նշեց, որ անցյալ տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար, և Ադրբեջանի կողմից քաղաքական կամք էր պետք։

«Հույս ունենք, որ այս գործընթացը, որը տեղի է ունենում, ևս մեկ ազդակ է, որ այդ պրոցեսը պետք է և հնարավոր է շատ արագ ավարտին հասցնել, որովհետև հայկական կողմը այդ ուղղությամբ գնալու է և աշխատանքներ է իրականացնելու մշտապես»,- ավելացրեց Սիմոնյանը։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրում դրված են Ադրբեջանի մոտեցումները՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որոնք նաև հայկական կողմի մոտեցումներն են։

«Բոլոր այն հարցերում, որտեղ հակասություններ կան, հայկական կողմը դրանք մերժում է, և դրա ապացույցն այն է, որ պայմանագիրն արդեն որերորդ անգամ գնում ու գալիս է։ Բա ի՞նչի է գնում ու գալիս, որովհետև ադրբեջանական կողմը իր առաջարկներն է ուղարկում, մենք էլ մեր առաջարկն ենք ուղարկում»,- նշեց Սիմոնյանը։