Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում հաստատակամության հույս է հայտնել
https://parstoday.ir/hy/news/armenia-i217932-Փաշինյանը_հայ_ադրբեջանական_սահմանազատման_գործընթացում_հաստատակամության_հույս_է_հայտնել
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը շարունակվում է, և Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ կողմերը հաստատակամ կլինեն այդ հարցում։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 14, 2024 13:09 Asia/Tehran
  • Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում հաստատակամության հույս է հայտնել

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը շարունակվում է, և Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ կողմերը հաստատակամ կլինեն այդ հարցում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է  Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին և անդրադառնալով այդ խնդրի շուրջ Հայաստանի ունեցած ռազմավարական տեսակետին։

«Այժմ հիմնական խնդիրն անվտանգությունն է։ Իսկ, ո՞րն է մեր ռազմավարական տեսակետը։ Ինչպե՞ս ենք ապահովելու անվտանգությունը մեր երկրի համար։ Վերջերս ես ելույթ ունեցա մեր խորհրդարանում՝ ասելով, որ կարծում եմ, որ  անվտանգության ապահովման ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է»,- հայտարարեց Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչո՞ւ է Հայաստանն այդքան հաճախ խոսում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի մասին:

«Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունվել է խորհրդային 12 հանրապետությունների կողմից՝ մատնանշելով երկու շատ կարևոր գաղափար. նախ, Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ»:

Հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպում ունեցանք Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց․ նախ, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Պայմանավորվել ենք նաև, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է հիմք հանդիսանա երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացի համար,- հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ պետք չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ գծել կամ ստեղծել, քանի որ պարզապես պետք է վերարտադրել առկա սահմանը հենց գետնի վրա։

«Այդ գործընթացը շարունակվում է, և մենք հուսով ենք, որ մենք հաստատակամ կլինենք դրանում»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, մասնավորապես նշեց․

«Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը: Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձություն սկզբունքներին»,- ընդգծեց վարչապետը։