Թող իրենց ակցիան իրականացնեն, կանգնած ենք մեզ համար. ՀՀ ոստիկանապետը` ցուցարարների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i217990-Թող_իրենց_ակցիան_իրականացնեն_կանգնած_ենք_մեզ_համար._ՀՀ_ոստիկանապետը_ցուցարարների_մասին
ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը վստահեցնում է` ոստիկանությունն իր ամենօրյա աշխատանքն է իրականացնում, ոչ ավելին։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2024 15:58 Asia/Tehran
  • Թող իրենց ակցիան իրականացնեն, կանգնած ենք մեզ համար. ՀՀ ոստիկանապետը` ցուցարարների մասին

ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը վստահեցնում է` ոստիկանությունն իր ամենօրյա աշխատանքն է իրականացնում, ոչ ավելին։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

Հայտնել ենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14–ին հայտարարել էր, որ մայիսի 15-ին` ժամը 17։00–ին, երթով պետք է շարժվել Օպերայի տարածք` վարվող քաղաքականության համար պատասխան պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որը ելույթ է ունենալու EBRD միջազգային ֆորումի շրջանակում։

«Թող իրենց ակցիան իրականացնեն։ Ի՞նչ է անում ոստիկանությունը, կանգնած ենք, չէ՞, մեզ համար։ Ինչ–որ մեկին վիրավորո՞ւմ ենք, ինչ–որ վատ բան անո՞ւմ է ոստիկանությունը։ Ավելի շատ ոստիկաններին են վիրավորում, անդրադարձեք դրան։ Անդրադարձեք, օրինակ, այն դեպքին, որ կինը հայհոյում է, ես ամաչում եմ»,– ասաց Հովհաննիսյանը։

Լրագրողի նկատառմանը, որ ոստիկաններն էլ մի քանի հոգով մեկ քաղաքացու են ծեծում, ՀՀ ոստիկանապետը շեշտեց` կստուգեն, ծառայողական քննություն կլինի ու, եթե մի բան լինի` պատասխանատվության կենթարկվեն ոստիկանները։

«Խնդրում եմ, թողեք` խորհրդակցենք։ Առօրյա միջոցառումներ են իրականացվում, ոչ ավելին»,– նշեց Հովհաննիսյանը։

 Հարցին, արդյոք ամեն օր այսքան մեծաթիվ ոստիկանական ուժեր են հավաքված քաղաքի կենտրոնում, ոստիկանապետը շեշտեց` չեն լինում, քանի որ ամեն օր Հայաստանում 70-ից ավելի երկրից ներկայացուցիչներ չեն լինում։ Անդրադառնալով լրագրողի հարցին` արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համար են այսքան ոստիկաններ տեղակայվել օպերայի տարածքում, Հովհաննիսյանը վստահեցրեց` միջոցառման բոլոր մասնակիցների անվտանգության համար է արվում։