Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները կառավարության շենքի մոտ են` հայտնելու իրենց անհամաձայնությունը Հայաստան–Ադրբեջան սահմանի սահմանազատման հանձնաժողովների կատարած աշխատանքներին։
«Այսօր մայիսի 16-ին հավաքվել ենք կառավարության շենքի մոտ` մեր բողոքի ձայնը բարձրացնելու։ Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, ամեն քայլափոխին իր հետ բազամթիվ ոստիկանական ուժեր է տանում։ Երեկ իշխանություններն ամբողջ ուժային համակարգը կենտրոնացրել էին օպերայի շենքի մոտ և չէին թողնում մարդկանց ազատ տեղաշարժվել։ Նույնց սցենարն այսօր է կրկնվում` կառավարության շենք ամբողջությամբ պաշարված է։ Այս մարդիկ փորձում են իրենց շեֆին ներկայացնել, թե ինքը կարող է անվտանգ լինել։ Իրենք իրապես վախենալու շատ բան ունեն, քանի որ գործում են ՀՀ պետական շահերի դեմ, քանի որ ամեն օր փաստաթուղթ է ստորագրվում, համաձայն որի Հայաստանի այս կամ այն բնակավայրը հանձնում է Ադրբեջանին»,– ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։
Նա հիշեցրեց, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովները` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հանդիպել են 9-րդ անգամ։
« Այս ապազգային կառավարությունը շուտով գնալու է»,– ասաց Դանիելյանը, ինչից հետո շարժման կողմնակիցները «վուվուզելներով» սկսեցին սուլել` ի նշան բողոքի սահմանազատման վերաբերյալ կառավարության կողմից սկսված գործընթացներին։
Նա նաև ընդգծեց, որ որքան ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, այնքան բողոքի ակցիային միացողների թիվն ավելանում է։
Կառավարության շենքի մոտ տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ոստիկաններ են տեղակայվել։ Նրանք հատուկ հանդերձանք են կրում` սաղավարտներ, վահաններ։
Ներկայում փակ են կառավարության շենքի գլխավոր և հետին մուտքերը, ինչպես նաև Մելիք Ադամյան փողոցն է շրջափակված երկու կողմից։ Կառավարության շենքի մոտ է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Երկու կողմերի սահմանապահները Կիրանցի առավել զգայուն հատվածում ավելի ուշ կտեղակայվեն, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։