Տավուշի մարզպետը Կիրանցի բնակիչների հետ փակ հանդիպումից հետո հեռացավ՝ առանց հարցերին պատասխանելու
Կիրանցում ավարտվել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի փակ հանդիպումը գյուղացիների հետ: Հանդիպման ավարտից հետո մարզպետը որեւէ հարցի չպատասխանեց եւ հեռացավ:
Ավելի վաղ հայտնել էին, որ Կիրանցի գյուղապետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է գյուղի բնակիչների հետ: Չնայած դրան, միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Նշենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում էր փակ մնալ: Սարիգյուղի հատվածում բլոկպոստ է տեղադրվել, ոստիկանները միայն Կիրանցի բնակիչներին են թողնում գյուղ մտնել:
Գյուղացիները թևաթափ են եղել, հասկացել են, որ եթե ճանապարհը չբացեն, կարմիրբերետավորներ են բերելու։
Ոստիկաններն էլ բացել են դեպի գյուղ տանող ճանապարհը։
Կիրանցի բնակիչները Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ից կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում են երկու օր առաջ հրապարակված սահմանազատման արդյունքներից:
Նշենք, որ մամուլի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել էին գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։
Մայիսի 16-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։