ՔԿ-ն դեռ քննում է Հայաստանում հազարավոր «վագներականների» մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i218288-ՔԿ_ն_դեռ_քննում_է_Հայաստանում_հազարավոր_վագներականների_մասին_լուրերը
ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ շարունակում է հետաքննել Հայաստանում 12 հազար «վագներականների» մասին լուրերը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 22, 2024 13:59 Asia/Tehran
  • ՔԿ-ն դեռ քննում է Հայաստանում հազարավոր «վագներականների» մասին լուրերը

ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ շարունակում է հետաքննել Հայաստանում 12 հազար «վագներականների» մասին լուրերը։

2023 թ-ի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամների հայտնվելու մասին հրապարակումը տարածվել է տելեգրամյան ալիքներում, և ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը։

2023 թ-ի դեկտեմբերին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել էին, որ առայժմ շարունակում են ստուգել այդ հաղորդագրությունները։

ԱԱԾ-ից նոր հարցմանն ի պատասխան   հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում վարույթներ են նախաձեռնված, ուստի հայցվող տեղեկությունները ստանալու համար առաջարկել են  դիմել ՀՀ քննչական կոմիտե, որին էլ դիմել են:

«Հարցման 2-րդ մասում նշված տեղեկատվության վերաբերյալ հայտնում են , որ «վագներականների»՝ ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ համացանցում տարածված հրապարակումների կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է նախաքննություն», - պատասխանել  են գերատեսչությունից։

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայաստանում «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկների ներկայության մասին լուրերը տարածել է իշխանամետ հարթակներից մեկը։ Սկզբում խոսքը երեք հազար մարդու մասին էր, հետո հայտնվեցին պնդումներ 12 հազարի մասին։

Ալիքի վարկածով՝ նրանք պետք է «հեղաշրջում իրականացնեին և իշխանությունից հեռացնեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։