Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու վճիռը
https://parstoday.ir/hy/news/armenia-i218672-Դատախազությունը_կբողոքարկի_Սերժ_Սարգսյանին_և_մյուսներին_արդարացնելու_վճիռը
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2024 06:20 Asia/Tehran
  • Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու վճիռը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով վճիռը։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ՝ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը և Գևորգ Հարությունյանը առաջադրված մեղադրանքներում արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Դատարանի որոշմամբ վերացվել են Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։