Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել երկաթուղու վերաբերյալ հանձնարարականի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհակալություն հայտնել երկաթուղու վերաբերյալ տրված հանձնարարականի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ «Ռուսական երկաթուղիներին» տրված հանձնարարականի համար»,– ասված է հաղորդագրությունում:
ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանը հեռախոսով խոսել է նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստի հետ։ Նշվում է, որ երկու վարչապետները քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր։ Միշուստինը ՀՀ վարչապետին ևս մեկ անգամ շնորհավորել է ծննդյան տոնի առթիվ։