Օգոստոս 11, 2024 19:38 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան կարող է օգնել Հայաստանի փոքր ընկերություններին դուրս գալ միջազգային շուկաներ. «Value Makers Studio»

Սաուդյան Արաբիան բաց է համագործակցության համար եւ կարող է օգնել Հայաստանի սակավ հայտնի ընկերություններին դուրս գալ միջազգային շուկաներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի համագործակցության նոր հորիզոններ» համաժողովի շրջանակում հայտնել է Value Makers Studio» վենչուրային ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մութազ Աբոունկը։

Նա նշել է, որ համագործակցություն կարող է ծավալվել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում։ Աբուոնկը ավելացրել է, որ Հայաստանը գրավիչ է նաեւ հնարավոր համագործակցության համար գյուղատնտեսական ոլորտում՝ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի կենսակլիմայական պայմանները։

«Բացի այդ, Սաուդյան Արաբիայի շուկային հետաքրքրել են հայկական ձեռագործ իրերը, որոնք ես տեսա «Վերնիսաժում», ինչպես նաեւ բրենդային հայկական արտադրանքը։ Հայաստանն, իր հերթին, կարող է հետաքրքրված լինել կերամիկայի ներմուծմամբ Սաուդյան Արաբիայից»,- ընդգծել է նա։

Վենչուրային ընկերության տնօրենը նշել է, որ Հայաստանը հարուստ է տաղանդներով, եւ դա նույնպես կարող է հետաքրքիր լինել Սաուդյան Արաբիայի համար։

Նա նշել է, որ խորհուրդ կտար ներդրողներին ներդրումներ կատարել Հայաստանի խոշոր ընկերություններում, մասնավորապես, տեխնոլոգիական ընկերություններում, որոնք զբաղվում են ռոբոտաշինությամբ կամ այլ ոլորտներով, եւ որոնք հարստացնում են երկիրը։

«Իմ կարծիքով՝ զարգանում եւ առաջ են ընթանում այն երկրները, որոնցում երիտասարդության մեծ մասը տիրապետում է տեխնոլոգիաներին։ Հենց այս ուղղությամբ են աշխատում դպրոցները Սաուդյան Արաբիայում, ուստի երկիրն առաջ է ընթանում։ Մենք օգտագործում ենք տարբեր երկրների, այդ թվում Ուկրաինայի, Իրանի, ինչպես նաեւ Հայաստանի մարդկային ռեսուրսը»,- ամփոփել է Մութազ Աբոունկը։

 

Պիտակ