Ինչպիսի՞ն պետք է լինի Իրանի անհապաղ գործողությունը Զանգեզուրի հարցում
Փորձագետները համոզված են, որ հակադարձելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի վերջին դիրքորոշումներին, Իրանը պետք է որքան հնարավոր է շուտ լրացնի Արաքսի միջանցքի կառուցումը։
Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանը «Ֆարահիխթեգան» թերթին տված հարցազրույցում ասել է.-Իրանը պետք է հնարավորիինս արագ լրացնի Արաքսի միջանցքը և Իրանի տարածքով ճանապարհ, մայրուղի, միջանցք կառուցի, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանին։
Մովահեդյանը հավելել է․- Մենք պետք է լրջորեն խոսենք ռուսների հետ և ասենք, որ սա մեր կարմիր գիծն է, և մենք դա թույլ չենք տա, և եթե միջանցքի կարիք ունեք, ապա այդ հարցը կարող է լուծվել Իրանի միջոցով և ռելսային միջանցքի ոլորտում ներդրումներ կատարելով։

Կովկասի հարցերով փորձագետ Մեհդի Սեյֆ Թաբրիզին նույնպես համոզված է, որ Իրանն ու Ռուսաստանը մի հարցում համակարծիք են՝ դա աշխարհաքաղաքական և տարածաշրջանում սահմանների փոփոխություն չլինելն է։
Սեյֆ Թաբրիզին հավելել է.- Իրանն ասում է, որ եթե երթուղի պետք է կառուցվի, ապա այս երթուղու ինքնիշխանությունը, անվտանգությունը, մաքսայինը և ամեն ինչ՝ պետք է լինի Հայաստանի ձեռքում։ Բայց եթե դրա համար օգտագործվի միջանցք բառը, այսինքն՝ Հայաստանը ինքնիշխանություն չունենա 40 կիլոմետրանոց այդ տարածքում, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը կկանգնի խնդիրների առաջ, և աստիճանաբար աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի կունենան։
Սեյֆ Թաբրիզին ընդգծել է.- Իրանը պետք է որքան հնարավոր է շուտ ակտիվացնի որոշ հզորություններ, որպեսզի ապրանքների արտահանման համար Ռուսաստանը հույսը դնի սեփական հողի վրա։ Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհը պետք է շուտափույթ ավարտվի, իսկ Արաքս գետի վրա կառուցվող երկու կամուրջները պետք է շուտափույթ գործարկվեն, և Ռուսաստանը կարիք չի ունենա կախված լինել Ադրբեջանի և Զանգեզուրի տարածքից։ Այդ դեպքում Ռուսաստանը կկանգնի Թեհրանի կողքին։