Իրանը դեմ է, որ ՀՀ ճանապարհի վերահսկողությունն իրականացնեն այլ երկրներ. դեսպան
Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։
Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում նրան, որ այդ ճանապարհի վերահսկողությունը հնարավոր է հանձնվի մասնավոր պահնորդական ընկերությանը։
«Մենք կողմ ենք, որ այն, ինչ կատարվում է, լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի Հանրապետության կողմից, և մենք կողմ չենք, որ այլ երկրներից գան այստեղ ու փորձեն ինչ-որ անվտանգություն և վերահսկողություն սահմանեն»,– ասաց նա։
ՀՀ–ում Իրանի դեսպանը նշեց, որ լսել է մասնավոր ընկերության մասին, բայց հավելեց, որ իր տեղեկություններով՝ խոսքը անվտանգության ապահովման մասին չէ։
«Խոսքն այն մասին է, որ որևէ առևտրային ընկերության ներկայացուցիչ իր բեռը փոխադրելիս կարող է ներկա լինել այդ ճանապարհին»,– ասաց նա։
Իր տեղեկություններով` ճանապարհի անվտանգությունն ու վերհասկողությունը լինելու է ՀՀ կառավարության կողմից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր, որ խոսվում է ճանապարհի վերահսկողությանը մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց հավելել էր, որ մանրամասները դեռ հայտնի չեն։
Ավելի վաղ Սոբհանին հայտարարել էր, որ այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում ` այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա։