Միրզոյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային բնույթի հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i222838-Միրզոյանն_Իրանի_ԱԳ_նախարարի_տեղակալի_հետ_քննարկել_է_տարածաշրջանային_բնույթի_հարցեր
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխ-օլ էսլամիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2024 15:15 Asia/Tehran
  •  Միրզոյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային բնույթի հարցեր

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխ-օլ էսլամիին:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախարար Միրզոյանը ողջունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին իրանական կողմի մասնակցությունն ու կայացած մտքերի փոխանակումը։

Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին, և այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։

Տարածաշրջանային տրանպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շեշտվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հայեցակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման հրամայականը, որի առնչությամբ իրանական կողմի հաստատուն դիրքորոշումն Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել։