Ի՞նչ պետք է անի Հայաստանը տրանսպորտային և լոգիստիկ հանգույց դառնալու համար․ ՄԱԿ-ի պաշտոնյայի խորհուրդները
Ի՞նչ պետք է անի Հայաստանը տրանսպորտային և լոգիստիկ հանգույց դառնալու համար: Հայաստանը միացել է տրանսպորտի վերաբարյալ ՄԱԿ-ի 61 կոնվենցիաներից և իրավական այլ գործիքներից 13-ին:
Հայաստանը միացել է տրանսպորտի վերաբարյալ ՄԱԿ-ի 61 կոնվենցիաներից և իրավական այլ գործիքներից 13-ին, թեև պարտադիր չէ, որ երկիրը միանա բոլոր այդ կոնվենցիաներին, այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի «Հայաստանը որպես տրանսպորտային և լոգիստիկ հանգույց. զարգացման հեռանկարներ» թեմայով պանելային քննարկմանն ասաց UNECE-ի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարյասին՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության կոնվենցիաները բարելավելու ճանապարհային անվտանգությունն իր լոգիստիկայի և տրանսպորտային ոլորտներում և ապահովել, որ դրանք համահունչ լինեն համաշխարհային լավագույն փորձին։
«Սակայն կարծում ենք, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ կիրառի գոյություն ունեցող իրավական շրջանակները, որոնք կհեշտացնեն տարանցումն ու առևտուրը, կբարելավեն ճանապարհների անվտանգությունը և, որն ավելի կարևոր է, կստեղծեն կանխատեսելիություն և թափանցիկություն բիզնեսների համար, որոնք կիմանան, թե երկիրն իրավական ինչ հիմքերի վրա է գործում»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը միացել է տրանսպորտի վերաբարյալ ՄԱԿ-ի գրեթե բոլոր կոնվենցիաներին։
Դմիտրի Մարյասին նշեց երեք համաձայնագիր, որոնց միանալը Հայաստանի համար շատ կարևոր կարող է լինել ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար։ Դրանք են Կարևոր միջազգային համակցված տրանսպորտային ուղիների մասին եվրոպական hամաձայնագիրը, Միջազգային հիմնական երկաթուղային ուղիների մասին եվրոպական համաձայնագիրը և Միջազգային երթևեկության հիմնական ուղիների մասին եվրոպական համաձայնագիրը։
ՄԱԿ-ի պաշտոնյան նշեց, որ առաջին համաձայնագրին միացել են Թուրքիան, Վրաստանը և Ռուսաստանը, իսկ Հայաստանը, Ադրբեջանն ու Իրանը՝ ոչ։ Այսինքն՝ եթե Հայաստանը ցանկանում է տրանսպորտային և լոգիստիկ հանգույց լինել տարածաշրջանում, եթե մյուս երկրները նույնպես նման մտադրությունն ունեն, ապա պետք է դիտարկեն այս համաձայնագրին միանալու հնարավորությունը։ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը միացել են երրորդ համաձայնագրին, իսկ Իրանը՝ ոչ։ Մյուս համաձայնագրին Թուրքիան և Ռուսաստանն են միացել, իսկ մյուս երկրները՝ ոչ։
Դմիտրի Մարյասին նշեց, որ հաջորդ կարևոր հարցը ճանապարհային անվտանգությունն է, և Հայաստանն այս ոլորտը կարգավորող ՄԱԿ-ի կոնվենցիաներից յոթից միացել է չորսին։ Ներկայում ՄԱԿ-ը սերտորեն աշխատում է Հայաստանի հետ, որպեսզի բարելավվի Հայաստանում ճանապարհային անվտանգության իրավական ռեժիմը, ռազմավարական կառավարումը, տվյալների հավաքումը և վարքագծի փոփոխությունը։
«Ցավոք, զուտ որևէ կոնվենցիային համապատասխանելը չի փոխում իրականությունը տեղում։ Երկրում ճանապարատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության դեպքերն աճում են։ Դրա համար շատ պատճառներ կան, ես չեմ մտնի մանրամասների մեջ, պարզապես կխրախուսեի կառավարությանն ու շահագրգիռ բոլոր կողմերին, որպեսզի դիտարկեն իրավիճակի համապարփակ վերագնահատում, դիտարկեն ճանապարհային անվտանգության ռազմավարության մշակում, և անշուշտ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ այս ուղղությամբ»,- ասաց նա։
ՄԱԿ-ի պաշտոնյան նշեց, որ Հայաստանն այս պահին 1 մլն բնակչի հաշվով ավտոպատահարների մահացության ցուցանիշով գտնվում է շատ բարձր ռիսկային գոտում, երկրում տարեկան 360 մարդ է մահանում ճանապարհատրանսպորտային պատահարներից, ինչը շատ բարձր ցուցանիշ է Հայաստանի նման փոքր երկրի համար։
Դմիտրի Մարյասին նաև ասաց, որ Հայաստանը, բացի դրանից, որ կարող է բարելավել այս ոլորտի իրավական ռեժիմը, կարող է օգտագործել ՄԱԿ-ի հարթակները՝ ակտիվացնելու հարևան երկրների հետ երկխոսությունը, որպեսզի մասնակցի տարածաշրջանով անցնող նախագծերին, ինչպիսիք են Եվրասիական միջանցքը, Միջին Արևելքի միջանցքը։ Նաև արդեն, ըստ նրա, այսօր պետք է հաշվի առնվեն հաղորդակցային ուղիների, այդ միջանցքների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ պարզելու, թե դիմադրողականության և խոցելիությունների առումով ինչ վիճակում են այդ ուղիները։