ԱՄՆ–ն փափուկ ուժ է կիրառում Հայաստանում. ի՞նչ կապ ունի Վրաստանը
(last modified Fri, 13 Sep 2024 07:04:44 GMT )
Սեպտեմբեր 13, 2024 10:34 Asia/Tehran
  • ԱՄՆ–ն փափուկ ուժ է կիրառում Հայաստանում. ի՞նչ կապ ունի Վրաստանը

Հայաստանին հատկացվելիք աջակցությունը վկայում է մեր երկրի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությունների ավելացման ու մասնավորապես ԱՄՆ-ի կողմից փափուկ ուժի կիրառման քաղաքականութան մասին։

Նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` մեկնաբանելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի ստորագրած դրամաշնորհային նորացված համաձայնագիրը։

Գրիգորյանը և Ալելոն սեպտեմբերի 11-ին ստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Դրա արդյունքում ավելի քան կրկնապատկվում է USAID-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները։

«Ներկա աշխարհաքաղաքական փոփոխությունների տրամաբանության մեջ Հայաստանի նկատմամբ հետաքրքրություններն ավելանում են։ Նաև Վրաստանում գործող ֆոնդերը, որքանով ես հասկանում եմ, կրճատվում են, տեղափոխվում են Հայաստան։ Այդ ֆոնդերի ինչ-որ մասը գուցե նաև Վրաստանին սպասարկի։ Իսկ ընդհանուր առմամբ դա ամերիկյան փափուկ ուժի քաղաքականությունն է, որը շատ դեպքերում բավականին արդյունավետ է աշխատում»,– ասաց Դանիելյանը` հավելելով, որ ԱՄՆ–ն այս կերպ լրացնում է նաև Հայաստանում ուղեղային կենտրոնների, կրթական բարձրակարգ ծրագրերի բացակայությունը` բնականաբար, իր շահերից ելնելով ու իր գաղափարախոսությունը առաջ տանելով։

Ինչ վերաբերում է ԱՄՆ շահերին, քաղաքագետը կարծում է, որ դրանք ներկա պահին կապված են Սյունիքի ճանապարհների հետ, որոնց շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են զարգանում։

«Արևմտյան տարբեր պաշտոնյաներ արդեն բացահայտ հայտարարել են, որ իրենց անհրաժեշտ է բացել կոմունիկացիաները Թուրքիայով, Հայաստանով, Ադրբեջանով, Կենտրոնական Ասիայով, որպեսզի տարածաշրջանից դուրս հանեն ՌԴ–ին ու թույլ չտան, որ Իրանը դրան խառնվի, որովհետև ապագայում դա կարող է նաև ռազմական նշանակություն ունեցող ճանապարհ դառնալ»,– ասաց Դանիելյանը։

Քաղաքագետի համոզմամբ` ԱՄՆ–ի համար կարևոր է նաև, որ տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինի Թուրքիան, այդ թվում` ռուսական շուկան փոխարինվի թուրքականով, օրինակ` գազը, նավթը և այլ կարևոր ապրանքները Հայաստանը ստանա ոչ թե ՌԴ–ից, այլ Թուրքիայից ու Ադրբեջանից թուրքական կոմունիկացիաներով։

«Բնականաբար, դրա համար շատ կարևոր է ՀՀ–ում ունենալ նպաստավոր հանրային կարծիք և ընտրությունների արդյունքում խորհրդարանում ունենալ համապատասխան ուղղվածությամբ ֆրակցիաներ։ Եթե մարդկանց պատկերացումները փոխվում են, փոխվում է նաև սպառնալիքների նկատմամբ ընկալումը։ Դրա հարուստ փորձը Արևմուտքն ունի, և ՀՀ կառավարության ղեկավարը, նրա կինն այսօր բացեիբաց խոսում են ինքնության փոփոխության մասին։ Նույնը իրականացվում է նաև կրթական համակարգում` խորհրդանիշներ փոխելով, թշնամիների վեկտորները փոխելով»,– նշեց Դանիելյանը։

Քաղաքագետը միաժամանակ կարծում է, որ ամեն ինչ կորած չէ` ինքնությունը պահպանող օջախները կան, և ամեն ինչ կախված է նրանից, թե մոտակա տարիներին զարգացումները ինչ ուղղությամբ կգնան։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի ստորագրած համաձայնագիրը ներառելու է այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունը և առևտուրը, ժողովրդավարական գործընթացներն ու տնտեսական ներառական զարգացումը: