Hindustan Times. Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ իր Սու-30 կործանիչներն արդիականացնելու խնդրանքով
Հայաստանը Հնդկաստանից օգնություն է խնդրել ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչների իր փոքր նավատորմի արդիականացման հարցում, քանի որ երկիրը Հնդկաստանից հրթիռային համակարգեր, հրետանի և զենքի տեղորոշման ռադարներ է պատվիրում, հաղորդում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ըստ հնդկական լրատվամիջոցի, Սու-30-ի արդիականացումը, որի վրա հույս է դնում Հայաստանը, ներառում է ավիոնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և սպառազինություն։
«Մենք դիտարկում ենք մեր Սու-30 կործանիչների արդիականացման հնարավորությունը Hindustan Aeronautics Limited-ի (HAL) օգնությամբ, քանի որ այն մեծ փորձ ունի այս ոլորտում», - լրատվամիջոցը մեջբերում է Հայաստանի Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանի խոսքը, որը հարցազրույց է տվել Hindustan Times-ին Tarang Shakti 2024 զորավարժությունների շրջանակում։
HAL ընկերությունը Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար ռուսական արտադրության կործանիչներ է արտադրում Նաշիկում գտնվող ինքնաթիռների արտադրության գործարանում:
Ըստ Վարդանյանի, Ջոդհփուրի ավիաբազայում կազմակերպված «Պաշտպանական ավիացիայի միջազգային ցուցահանդես 2024»-ում ինքը պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության ոլորտները։
Ինչպես նշում է Hindustan Times-ը, հնդիկ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է HAL ընկերության կողմից Սու-30-ի արդիականացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը։ Նա տեղեկացրել է, որ այս ուղղությամբ որոշակի բանակցություններ են ընթանում, սակայն դրանք վաղ փուլում են։
«Հայաստանի կողմից շահագործվող Սու-30 տարբերակը տարբերվում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ եղած Սու-30-ից։ Ուստի այս ասպեկտը պետք է հաշվի առնել տարածաշրջանի բարդ դինամիկայի հետ մեկտեղ, ներառյալ Հնդկաստանի երկարամյա և հուսալի պաշտպանական գործընկեր Ռուսաստանի մերձեցումը Ադրբեջանի հետ Ուկրաինայի պատերազմի բռնկումից հետո»,- ասել է պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը: