Հայաստանում ԻԻՀ դեսպան․ Նահատակ Նասրալլահի դպրոցի ուղին և Դիմադրության ճանապարհը շարունակվելու է
Երևանի Կապույտ մզկիթում, Հայաստանում ԻԻՀ դեսպանատան նախաձեռնությամբ, կազմակերպվել է նահատակ Հասան Նասրալլահի հիշատակին նվիրված արարողություն։
Արարողության ժամանակ, Երևանում ԻԻՀ դեսպանը ցավակցություն է հայտնել մեծ մոջահեդ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ։ Անդրադառնալով Նասրալլահի բետ իր հանդիպումներին, դեսպանն ասել է․ «Ինչպես հայտարարեց ԻԻՀ գերագույն առաջնորդը, մենք սգի մեջ ենք։ Նրա նահատակությունը մեծ կորուստ էր մեր համար։ Նա հավատացյալ, ուրիշների համար մտահոգվող, բարեպաշտ, պատասխանատու անձնավորություն էր։ Մենք սգում ենք, քանի որ կորցրել ենք իսլամական աշխարհի մեծ, եզակի և ականավոր գործչի»:
Նշելով, որ Հասան Նասրալլահի ուղին շարունակվելու է, դեսպանն ասել է․ «Սիոնիստները կարծում են, թե «Հեզբոլլահի» հրամանատարների նահատակությամբ, այդ ընթացքը կանգ կառնի։ Սակայն նրանք պետք է իմանան, որ «Հեզբոլլահը» դպրոց է։ Ինչպես նահատակներ Մուսավիի, հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Աստծո մյուս մարդկանց նահատակությամբ այդ ուղին շարունակվեց, այնպես էլ հիմա է շարունակվելու: Սիոնիստական ռեժիմը մտել է փակուղի և ոչ ոք չի կարող օգնել նրան»։
Խոսելով Իրանի նկատմամբ թշնամիների վարած սխալ քաղաքականության մասին, դեսպանն ասել է․ «Պատերազմը մեզ պարտադրվեց՝ մեզ ոչնչացնելու համար, սակայն դրա ներսից աճեց Պահակազորի մաքրամաքուր և բարեբեր ծառը։ Հետո մեր նկատմամբ պատժամիջոցներ սահմանեցին, որ մեզ խեղդեն։ Սակայն իրենք իրենց պետք է հարցնեն, թե ինչպե՞ս մենք պատժամիջոցների պայմաններում ուժեղացանք և հրթիռներ ենք կառուցում, որոնք հիմա ուղղում ենք գրավյալ տարածքների խորքերը»։
Դատապարտելով Արևմուտքի վարած երկակի քաղաքականությունը, դեսպան Սոբհանին նշել է․ «Խաղաղ բնակիչների մարդու իրավունքները նրանց համար արժեք չունեն։ Մանկասպան ռեժիմը ֆոսֆորային ռումբերով սպանում է խաղաղ բնակիչներին ու երեխաներին։ Դրանից հետո Արևմուտքը հայտարարում է, թե դա ինքնապաշտպանություն է, ու սա շատ ծիծաղելի է»։
Անդրադառնալով հակառակորդի ու նրա համախոհների կողմից տարածվող այն լուրերին, թե Իրանի արձակած հրթիռները չեն խոցել թիրախները, դեսպանը նշել է․ «Եթե թիրախները չեն խոցվել, ինչի՞ համար է այդ ամբողջ աղմուկն ու պատասխան տալու մասին հայտարարությունները։ Հանցագործները պետք է հասկացած լինեն, որ եթե նորից հարձակվեն, կարժանանա Իրանի ավելի կոշտ արձագանքին»։
Դեսպանը նշել է․ «Մենք վճռականորեն շարունակելու ենք մեր ճանապարհը և չենք վախենում դժվարություններից։ Մենք նման ենք մի սերմի, որին ինչքան էլ թաղեն, այն աճելու ու հզորանալու է»։