Հայաստանը կդառնա «սև գոտի»՝ զրկվելով անվտանգության համակարգից. փորձագետ
(last modified Fri, 11 Oct 2024 06:32:40 GMT )
Հոկտեմբեր 11, 2024 10:02 Asia/Tehran
  • Հայաստանը կդառնա «սև գոտի»՝ զրկվելով անվտանգության համակարգից. փորձագետ

Երևանի` ՀԱՊԿ անվտանգության գոտուց դուրս գալու քայլերը, երբ չկան ՆԱՏՕ մտնելու երաշխիքներ և հեռանկար, կհանգեցնեն նրան, որ Հայաստանը փաստացի կդառնա «սև գոտի», որտեղ չի գործի անվտանգության որևէ համակարգ: Հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն` 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան–Իրան և Հայաստան–Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Իսկ Հայաստան–Իրան պետական սահմանի հսկիչ–սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։

«Այս պահին դժվար է միանշանակ տեսակետ հայտնել, քանի որ Հայաստանի գործող կառավարությունը միշտ չէ, որ առաջնորդվում է ռազմավարական որոշումներով։ Տեսնում ենք, որ Արևմուտքի կողմից ճնշումներն ուժեղանում են, և ՀՀ կառավարությունը այդ ճնշումները հաշվի է առնում ու համապատասխան քայլեր անում, որոնք միշտ կիսատ են լինում», - նշեց  փորձագետը։

Հայաստանի շուրջ ստեղծվել է անհեթեթ իրավիճակ, երբ Արևմուտքը բավական բարձր մակարդակով բացահայտ պահանջում է հեռացնել ռուս սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից, սակայն անվտանգության ապահովման առումով որևէ պարտավորություն չի ստանձնում: Եվ այս աբսուրդն ազդում է նաև Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականության վրա, որոնք ըստ էության քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ՝ ՆԱՏՕ-ի որևէ երաշխիքի բացակայության պայմաններում․ ասաց Դանիելյանը։

Փորձագետի խոսքով` եվրոպական կողմնորոշման ուղղությամբ հայկական իշխանությունների քայլերը կիսատ են մնում, և այստեղ զսպող դեր է խաղում Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա: Այսինքն՝ մի կողմից ՌԴ սահմանապահները կմնան հայ–իրանական և հայ–թուրքական սահմաններին, մյուս կողմից՝ անցակետերում վերահսկողություն կիրականացնեն ՀՀ ԱԱԾ սահմանապահները։

Ըստ Դանիելյանի` Հայաստանի կառավարության արևմտյան կողմնորոշվածությունը զսպվում է նաև Երևանի և Թեհրանի միջև տնտեսական կապերի զարգացման գործոնով։

«Բնականաբար, Արևմուտքը մտահոգված է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցությամբ։ Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ հետաքրքրություն են հայտնում թյուրքական «Միջին միջանցքի» նկատմամբ, որը պետք է ձևավորվի Արևմուտքի և Թուրքիայի ազդեցության ներքո: Միաժամանակ Հայաստանի կառավարությունը վստահ չէ, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել իր արևմտամետ քաղաքականությունը։ Եվ արդյոք նրանք իրական աջակցություն կստանան Արևմուտքի կողմից անվտանգության առումով», - ընդգծեց քաղաքագետը։

Դանիելյանը կարծում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում պաշտոնական Երևանը ժամանակավոր որոշումներ է կայացնում ապագա անորոշության համատեքստում։ Նրա կարծիքով՝ գլխավոր որոշումները Հայաստանի իշխանությունները կկայացնեն հետագայում, և դա կախված կլինի աշխարհաքաղաքական գործընթացներից։ Փորձագետը վստահ է, որ եթե դրանք զարգանան հօգուտ ՌԴ-ի և Իրանի, ապա, բնականաբար, Հայաստանի կառավարությունը հերթական «շրջադարձը» կկատարի դեպի Մոսկվա։

Դանիելյանը ներկայացրեց Հայաստանի տարածքից ՌԴ զինվորականների վերջնական դուրսբերման դեպքում իրադարձությունների հետագա զարգացման իր տեսլականը: Նրա կարծիքով` Թուրքիային ոչինչ չի խանգարի, որ զորք մտցնի Հայաստան։ Այդ դեպքում Իրանն էլ, ելնելով իր ազգային շահերից, կարող է զորք մտցնել Հայաստանի հարավ։ Ու քանի որ Արևմուտքը նույնպես ակտիվացել է այստեղ, Հայաստանը կարող է դառնալ աշխարհաքաղաքական պատերազմի թատերաբեմ։

Քաղաքագետը մտավախություն ունի, որ գործող կառավարության քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կդառնա երկրորդ Սիրիա կամ Գազա: