Հայաստանի Ռազմարդյունաբերության կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
https://parstoday.ir/hy/news/armenia-i224774-Հայաստանի_Ռազմարդյունաբերության_կոմիտեին_նոր_գործառույթներ_կտրվեն._ԱԺ_ն_ընդունեց_օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2024 09:31 Asia/Tehran
  • Հայաստանի Ռազմարդյունաբերության կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0։

ՀՀ ԱԺ-ի հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

 Փոփոխություններով ԲՏԱ նախարարությունն առաջարկում է Ռազմարդյունաբերության կոմիտեին օժտել հիմնական 4 նոր գործառույթով, որը կնպաստի Հայաստանում ռազմական արդյունաբերության զարգացմանը։

Օրինագիծն ընդունվելուց հետո Կոմիտեի համար օրենսդրական իրավական դաշտ է ստեղծվում 4 հիմնական կարգեր մշակելու։

Դրանցից առաջինով նախատեսվում է կանոնակարգել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորումը, կազմումը, անցկացումը, հաշվետվությունն ու ֆինանսավորումը։

Երկրորդ ուղղությունով կանոնակարգումները վերաբերում են փորձանմուշների արտադրությանը:

Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին: Չորրորդ կարգով հնարավորություն է տրվելու պետական մարմնին, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարվի  մասնավոր հատվածի ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին: