Միլիարդների օգուտ նոր ատոմակայանից և ելք «Նաիրիտի» համար. ինչ է առաջարկում «Ռոսատոմը»
(last modified Wed, 30 Oct 2024 16:13:02 GMT )
Հոկտեմբեր 30, 2024 19:43 Asia/Tehran
  • Միլիարդների օգուտ նոր ատոմակայանից և ելք «Նաիրիտի» համար. ինչ է առաջարկում «Ռոսատոմը»

Հայաստանում մեծ հզորությամբ (1 էներգաբլոկ՝ մինչև 1200 Մվտ հզորությամբ) նոր ԱԷԿ կառուցելիս «Ռոսատոմը» պատրաստ է այդ հզորությունների մի մասից (600 ՄՎտ ծավալով) էլեկտրաէներգիա գնել և արտահանել սահմանակից երկրներ:

Դեռ ամռանը նման առաջարկ էր հնչեցրել «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ: Առաջարկն ուժի մեջ է, իսկ շինարարության ընթացքում երաշխավորված ծավալը կարող է աճել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանում «Ռոսատոմ - Միջազգային ցանցի» ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը։

«Ռոսատոմի» առաջարկի մեջ մտնում է «Նաիրիտ» գործարանի տարածքի վտանգավոր թափոնների մաքրումը։

Ծախսված յուրաքանչյուր 1 դոլարը կբերի 4 դոլար

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու շրջանակում, որն իրականացնում էր «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը, կայանների էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 10-12%-ով: Հաշվի առնելով, որ Հայկական ԱԷԿ-ի մասնաբաժինը երկրի էներգաբալանսում կազմում է 40%, դա էական թիվ է։ 

Այս նախագծում ներգրավված էին ավելի քան 200 մատակարարներ և կապալառուներ, այդ թվում՝ հայաստանյան, որոնք ծառայություններ էին մատուցում ինժեներական հետազոտությունների, նախագծման, շինարարական աշխատանքների, էլեկտրամոնտաժի, շինանյութերի մատակարարման ոլորտներում:

Նոր բլոկի շինարարության ընթացքում աշխատանքների ծավալը տասնյակ անգամ ավելի մեծ կլինի։ Նոր կայանի կառուցման գործում տեղական ընկերությունների ներգրավումը կարող է զգալի ծավալի հասնել. խոսքը ոչ միայն շինմոնտաժային աշխատանքների մասին է (որոնց ծավալը հսկայական կլինի), այլ նաև սարքավորումների մի մասի թողարկման։

«Դա է ցույց տալիս, օրինակ, Հնդկաստանի և Չինաստանի փորձը»,– հավելեց Տուրունդաևը։

«Այդ նույն փորձը ցույց է տալիս, որ տեղական կապալառուների նման զբաղվածության դեպքում ներդրված յուրաքանչյուր դոլարը երկրի տնտեսությանը 4 դոլար կբերի։ Տեղական ընկերությունների հասույթը միայն շինարարության շրջանում կարող է հասնել մոտ 2 մլրդ դոլարի, իսկ կայանի շահագործման շրջանում (նվազագույնը 60 տարի)՝ մոտ 6 մլրդ դոլարի»,– ասաց մասնագետը։

«Նաիրիտ»

«Ռոսատոմն» իր միջոցներով ուսումնասիրել է Երևանի «Նաիրիտ» գործարանի վիճակը՝ հաշվետվությունը փոխանցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ինչպես հայտնի է, խորհրդային տարիներին գործարանը քլորոպրենային կաուչուկի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկն էր։ Գործարանը 2010 թվականից ամբողջովին դադարեցրել է աշխատանքը, բայց այնտեղ կուտակվել են վտանգավոր նյութերի տասնյակ տոննաներ։

Նախնական գնահատումից հետո ավելի մանրամասն գնահատական է պետք: Դրա համար անհրաժեշտ է նմուշներ վերցնել ինչպես հողից, այնպես էլ խողովակաշարերից (խիստ մաշված), որոնց միջոցով շրջանառվել են քիմիական նյութեր, և նյութերով ցիստեռնից (պարզելու համար, թե արդյոք դրանց կազմը փոխվել է տասնյակ տարիների ընթացքում):

«Որոշ նյութեր պետք է թաղել, բայց որոշները կարելի է նորից օգտագործել։ Մենք կարող ենք մաքրել տարածքը և՛ ամբողջությամբ (greenfield), և՛ մակարդակի թույլատրելի արդյունաբերական գոտիներով (brownfield)։ Այդ դեպքում կարելի է ստեղծել նոր արդյունաբերական համալիր, որը կհատուցի այդ բոլոր ծախսերը», - ընդգծեց Տուրունդաևը։

Աղբավայր Նուբարաշենում. ռեկուլտիվացիա և աղբայրիչ գործարան

Նոր աղբավայրի կառուցման նախագծին զուգահեռ, որը Հայաստանի իշխանությունները քննարկում են օտարերկրյա գործընկերների հետ, մնում է հին աղբավայրի ռեկուլտիվացիայի խնդիրը։

«Մենք Հայաստանի կառավարությանը ներկայացրել ենք կոշտ թափոնների տեսակավորման առաջարկներ՝ աղբայրիչ գործարանի կառուցման հնարավորությամբ։ Այն կարող է ոչ միայն էլեկտրաէներգիա արտադրել, այլև այրման ընթացքում արտադրել ճանապարհաշինության համար մոխիր, ինչպես նաև այլ օգտակար նյութեր», - նշեց Տուրունդաևը։

«Ռոսատոմը» պատրաստ է դիտարկել Ռուսական արտահանման կենտրոնի և բանկերի միջոցով ֆինանսավորման տարբերակները։

 

Պիտակ