Իրատեսակա՞ն է Ադրբեջանից գազ ստանալը․ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարի և փորձագետի կարծիքները
Ադրբեջանից գազամատակարարում ստանալը տեխնիկական առումով իրատեսական է։ Հայաստանի էներգետիկ անվտանգությանը նվիրված սեմինարի ժամանակ այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը Ադրբեջանից գազամատակարարում ունենա։
«Ժամանակին ունեինք Սովետական Միության համակարգ, որը միացված էր բոլոր երկրներին։ Մենք ստանում էինք գազ «Գազպրոմի» հովանու ներքո՝ Ղազախ-Երևան գազատարով Ադրբեջանից։ Այդպես էր մինչև 90–ական թվականները։ Ու ստանում էինք բավականին լուրջ ծավալներով։ Այդ խողովակները առ այսօր կան»,- նշեց Հակոբյանը։
Այն, որ շատերը պարզապես չեն պատկերացնում այդ երևույթը, Հակոբյանը բացատրում է այսպես՝ տարիներ առաջ անհավանական էր թվում նաև այն, որ Հայաստանը գազամատակարարում կունենա Իրանից։
«Բայց երբ ստեղծվեց համապատասխան միջավայրը, գործարքը նույնպես ստացվեց, ու գազամատակարարումը մինչ այսօր կա»,- ասաց նա։
Էներգետիկ անվտանգության փորձագետ Արամ Մանվելյանը կարծում է, որ եթե անգամ Ղազախ-Երևան գազատարը կրկին բերվի աշխատանքային վիճակի, Ադրբեջանը զուտ տնտեսական պատճառներով շահագրգռված չի լինելու Հայաստան գազ մատակարարելու հարցում։
«Ադրբեջանը գազ է մատակարարում եվրոպական երկրներ ու Թուրքիա, նա ունի պայմանավորվածություններ, ըստ որոնց` պետք է արտահանման հզորությունը ավելացնի։ Սեփական կարիքների համար Ադրբեջանը անգամ գազ է գնում Ռուսաստանից։ Ուստի Ադրբեջանը ավելորդ գազ չունի, որ ինչ–որ մեկին մատակարարի»,- ասաց մասնագետը։
Բացի դրանից, կա նաև գնային քաղաքականության խնդիր։ Եվրոպայում գազի գինը շատ ավելի բարձր է, այնպես որ Ադրբեջանին ձեռնտու է գազը վաճառել հենց նրանց։
«Թուրքիային գազի 1000 խորանարդ մետրը տալիս են 290-320 դոլարով։ Համեմատության համար՝ մենք Ռուսաստանից գնում ենք 165 դոլարով»,- հավելեց փորձագետը։
Ի դեպ, Հայաստանը Ռուսաստանից էժան գազ է գնում միջպետական պայմանագրի շնորհիվ։ Բելառուսից հետո Հայաստանը ռուսական գազի համար ամենացածր գին վճարող երկրորդ երկիրն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներկրում է տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ գազ (2023-ին՝ 2 մլրդ 360,4 մլն), ինչպես նաև Իրանից՝ 300-400 մլն (2023-ին՝ 370,4 մլն)։
Ռուսական գազն օգտագործվում է ընդհանուր սպառման, իրանականը՝ ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար։
Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խմ-ի դիմաց 165 դոլարով (միջազգային շուկայական գներից շատ ցածր), և այս սակագինը կպահպանվի մինչև 2030 թվականը։
Իրանից գազ է ձեռք բերվում փոխանակման սկզբունքով (1 խմ գազ 3 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց, որն արտադրվում է Երևանի ՋԷԿ–ում-ում և այլ ջերմաէլեկտրակայաններում)։
Հայաստանի սպառողները գազը ստանում են հետևյալ սակագներով՝ սոցիալապես անապահով տնային տնտեսությունները՝ 100 հազար դրամով (257 դոլար), այլ տնային տնտեսությունները` 143,7 հազար դրամով (370 դոլար), ագրոարդյունաբերական սուբյեկտները՝ 233,9 դոլարով, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ սպառում ունեցող այլ ձեռնարկությունները՝ 265,81 դոլարով։