Ադրբեջանը կարող է պարտադրել խաղաղությունը. Ուսուբովը Երևանին սպառնում է «երկաթե բռունցքով»
Ադրբեջանի հարվածային ռազմավարությունն թույլ է տալիս կարճ ժամանակում արձագանքել ցանկացած արտաքին ազդեցության՝ հայտարարել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը «Ադրբեջան» թերթում հրապարակած իր հոդվածում։
«Ոչ միայն հայ ռևանշիստները, այլև խոշոր պետությունները, որոնք չեն ընդունում Ադրբեջանի անկախությունն ու ղեկավարությունը, պետք է ճիշտ հետևություններ անեն անցած տարիների փորձից և հիշեն երկաթե բռունցքի ուժը»,- սպառնացել է Ուսուբովը։
Ադրբեջանի ԱԽ քարտուղարն ընդգծել է նաև, որ «Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժի կենտրոն, կարող է Հայաստանին ստիպել կայուն խաղաղության ու կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»։ Ուսուբովը, հավանաբար, «միջազգային իրավունք» ասելով՝ նկատի է ունեցել Ադրբեջանի նախապայմանները։
Ռամիլ Ուսուբովը իր հոդվածում վստահեցնում է, թե «Ադրբեջանը, չնայած իր հաղթանակին, բանակցում է առանց մեծամտության»։
«Խնդրի լուծումը փոխադարձ վստահության և Հայաստանին ձախողման տանող արտաքին ազդեցություններից ազատելու մեջ է։ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն իրենց պետության ու ժողովրդի շահերը»,- ասել է Ուսուբովը։
Ըստ Ուսուբովի, սահմանների սահմանազատման հարցում առաջընթացը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը։