Արդարադատության միջազգային դատարանն այսօր կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը
Արդարադատության միջազգային դատարանն այսօր կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը։
Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցիչը հայտնել էր, որ Հաագայի Խաղաղության պալատում այն կներկայացնի Դատարանի նախագահ, դատավոր Նավ-աֆ Սալամը: Հայաստանի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:
2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և գործի վարույթը կասեցվեց մինչև Դատարանի որոշման հրապարակումը: 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ, Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ:
hy.armradio.am