Հայաստանը ցանկություն ունի ներդրումներ կատարել Իրանի Չաբահար նավահանգստում
Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպության գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի ներդրումներ կատարել Չաբահար նավահանգստում։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։
Հանդիպմանն անդրադառնալով հարևան երկրների, հատկապես Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների և փոխգործակցության զարգացման Իրանի ռազմավարությանը, Սաֆային նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել Երևանին՝ Իրանի հյուսիսային նավահանգիստներում ներդրումների հարցում։
Նա նշել է․ «Հայաստանը կարող է օգտագործել Իրանի հյուսիսային և հարավային նավահանգիստներն իր արտադրանքի արտահանման, նյութատեխնիկական ապահովման համար, ինչպես նաև ներմուծման համար»։
Հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Հովակիմյանն ընդգծել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու և Չաբահար նավահանգստում ներդրումներ կատարելու Հայաստանի վճռականությունը, նշելով․ «Բաց ջրերին Հայաստանի հասանելիությունը գործարարներին հնարավորություն կտա դուրս գալ Իրանի հարևան երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի շուկաներ»։
Նա նշել է․ «Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայությունը մեզ հնարավորություն կտա դուրս գալ «բաց ջրեր չունենալու» փակուղուց»։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հավելել է, որ Երևանը ցանկություն ունի զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ և դյուրացնել հաղորդակցությունը։