Հայկական պարադոքս. Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական կապը էմբարգոների ստվերում
Իրանական Մաշրեղ լրատվական-վերլուծական կայքը իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական և քաղաքական հարաբերություններում առկա հակասություններին և գրել. «Արևմուտքը չի ցանկանում, Բելառուսի նկատմամբ կիրառված նմանատիպ պատժամիջոցներով, Հայաստանին բերել ճգնաժամի կամ ստիպել նրան ավելի մոտենալ Իրանին և Ռուսաստանին»։
Մաշրեղ լրատվական-վերլուծական կայքը այս հոդվածում նշել է. Արևմուտքի պատժամիջոցների խստացման հետ մեկտեղ Չինաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան դարձել են Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու հիմնական ուղիները։ Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները Ուկրաինայի և Ղարաբաղի երկու պատերազմներից հետո գտնվում են հակասական վիճակում, ինչը կարելի է անվանել «Հայկական պարադոքս». Որովհետեւ Հայաստանը ռազմական ու անվտանգության տեսանկյունից հեռացել է Ռուսաստանից, իսկ միևնույն ժամանակ ավելի է կապվել Ռուսաստանի հետ՝ տնտեսական ու արտաքին առեւտրի առումով։ Այս հարցի արտացոլումը կարելի է տեսնել ռուսական բազմակողմ մեխանիզմների հետ Հայաստանի փոխգործակցության մոդելում. Որովհետեւ պաշտոնական Երեւանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, իսկ միևնույն ժամանակ համառորեն շարունակում է մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։
Չնայած ղարաբաղյան պատերազմի փորձին և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հարաբերական շրջափակմանը, Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է, և այդ աճի մի մասը պայմանավորված է արտաքին առևտրի աճով։ Փաստորեն, այս երկիրը Ուկրաինայի պատերազմից հետո դարձել է դեպի Ռուսաստան հիմնական արտահանողներից մեկը։ 2022 թվականին Հայաստանի արտահանումը Ռուսաստան հասավ 2,4 միլիարդ դոլարի։ Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է 2021 թվականի արտահանումը և գրեթե համարժեք է երկու երկրների ընդհանուր առևտրին Ուկրաինայի պատերազմին նախորդող տարիներին։ Հայաստանի մաքսային տեսչության հայտարարած թվերի համաձայն՝ 2023 թվականին դեպի Ռուսաստան արտահանումների ցուցանիշը կազմել է ավելի քան 3,5 մլրդ դոլար։
Կան բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ արեւմտյան կողմերը միտումնավոր աչք են փակել Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու Հայաստանի դերակատարության վրա։ Հայաստանը փոքր և խոցելի տնտեսություն ունի, որը տարբեր ձևերով բախվում է աշխարհաքաղաքական ճգնաժամերի, իսկ Արևմուտքը ակնհայտորեն մտադիր չէ, Բելառուսի նկատմամբ կրառված նմանատիպ պատժամիջոցներով, Հայաստանին բերել ճգնաժամի կամ ստիպել նրան ավելի մոտենալ Իրանին և Ռուսաստանին։ Ելնելով այս աշխարհաքաղաքական իրավիճակից՝ վերը նշված պարադոքսը կարելի է վերագրել նաև Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին. Որովհետև Հայաստանը միակ երկիրն է, որը ստորագրել է համապարփակ և առաջադիմական գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ, իսկ միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ է։