Արմեն Գրիգորյանն ու Ալի Աքբար Ահմադիանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i227906-Արմեն_Գրիգորյանն_ու_Ալի_Աքբար_Ահմադիանը_քննարկել_են_Հայաստան_Իրան_փոխգործակցության_հեռանկարները
Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 09, 2025 09:26 Asia/Tehran
  • Արմեն Գրիգորյանն ու Ալի Աքբար Ահմադիանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն  ողջունել է իրանցի գործընկերոջ այցը Հայաստան և ընդգծել բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը՝ ելնելով տարբեր ոլորտներ ընդգրկող երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից։ 

Արմեն Գրիգորյանն իր երկրի ցանկությունն է հայտնել․ ընդլայնել Հայաստանի ներկայությունն ու մասնակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC), ինչպես նաև օգտվել Չաբահար նավահանգստի ռազմավարական հնարավորություններից։

Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան, բացատրելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունն, ընդգծել է երկրի սկզբունքային քաղաքականությունը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության նկատմամբ: Երկկողմ հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, և ոչինչ չի կարող խաթարել կամ փոխել դրանք՝ ընդգծել է Ահմադիանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին:

Գոհունակությամբ արձանագրելով Հայաստան-Իրան երկկողմ զարգացող հարաբերությունները՝ զրուցակիցները քննարկել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել համագործակցության նոր ուղիները:

Անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ: