Արմեն Գրիգորյանն ու Ալի Աքբար Ահմադիանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները
Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ողջունել է իրանցի գործընկերոջ այցը Հայաստան և ընդգծել բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը՝ ելնելով տարբեր ոլորտներ ընդգրկող երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից։
Արմեն Գրիգորյանն իր երկրի ցանկությունն է հայտնել․ ընդլայնել Հայաստանի ներկայությունն ու մասնակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC), ինչպես նաև օգտվել Չաբահար նավահանգստի ռազմավարական հնարավորություններից։
Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան, բացատրելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունն, ընդգծել է երկրի սկզբունքային քաղաքականությունը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության նկատմամբ: Երկկողմ հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, և ոչինչ չի կարող խաթարել կամ փոխել դրանք՝ ընդգծել է Ահմադիանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին:
Գոհունակությամբ արձանագրելով Հայաստան-Իրան երկկողմ զարգացող հարաբերությունները՝ զրուցակիցները քննարկել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել համագործակցության նոր ուղիները:
Անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ: