Ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը. Բելգիայի կառավարության կոչն Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i228822-Ապահովել_Լեռնային_Ղարաբաղի_հայ_բնակչության_անվտանգ_վերադարձը._Բելգիայի_կառավարության_կոչն_Ադրբեջանին
Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Այս մասին գրված է կառավարության ծրագրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2025 16:04 Asia/Tehran
  •  Ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը. Բելգիայի կառավարության կոչն Ադրբեջանին

Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Այս մասին գրված է կառավարության ծրագրում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ 236 օր տևած բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն նոր ֆեդերալ կառավարություն կազմելու վերաբերյալ՝ ապագա վարչապետ Բարտ Դը Վևերի գլխավորությամբ։

Բելգիայի աջակողմյան նոր կառավարության ծրագիրը 200 էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է բոլոր դաշնային ոլորտները՝ հարկային քաղաքականություն, աշխատանք և գործազրկություն, կենսաթոշակային համակարգ, անվտանգություն, ներգաղթ, շարժունակություն, կլիմա, պաշտպանություն և արտաքին քաղաքականություն։ Ծրագրում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին։ Ըստ նոր կառավարության՝ Հարավային Կովկասը արժանի է Եվրոպայի կողմից ավելի մեծ ուշադրության։

«Այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի հետ ոչ միայն խորը մշակութային կապեր ունենք, այլ նաև այն կարևոր դեր է խաղում մեր ապագա էներգամատակարարման և Ասիա տանող տրանսպորտային միջանցքի տեսանկյունից։ Լարված հարաբերությունները և շարունակվող հակամարտությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, պահանջում են Եվրոպայի և Բելգիայի թիրախային մոտեցումը։ Մենք հստակորեն պահանջում ենք հարգել ներգրավված կողմերի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցության շարունակմամբ մենք նպաստում ենք տարածաշրջանի կայունությանը», – ամրագրված է Բելգիայի նոր կառավարության քաղաքական ծրագրում։ 

Բելգիայի նոր կառավարությունը պետությունը կկառավարի մինչև 2029 թվականը, եթե նոր ճգնաժամ չլինի և կառավարությունը չփլուզվի։

azg.am