Անցյալի հիշողությունները չպիտի գերի պահեն․ Թուրքիայի նախագահն ուղերձ է հղել հայ համայնքին
(last modified Thu, 24 Apr 2025 15:58:15 GMT )
Ապրիլ 24, 2025 19:28 Asia/Tehran
  • Անցյալի հիշողությունները չպիտի գերի պահեն․ Թուրքիայի նախագահն ուղերձ է հղել հայ համայնքին

Անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարքարանին և հայ համայնքին։

Ուղերձն ընթերցել է պատրիարքական տեղապահ Հայր Գրիգոր Դամադյանը Սուրբ Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ:

«Ես հարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը և կրկին ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին։ Մենք մեր սրտերում դեռևս զգում ենք Օսմանյան կայսրության վերջին շրջանում ապստամբությունների, ավազակախմբերի շարժումների աճի, զինված խմբավորումների կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների և համաճարակային հիվանդությունների պատճառով կորցրած կյանքերի ցավը։ Մյուս կողմից մենք գիտակցում ենք, որ մենք պետք է միասին կառուցենք մեր ապագան՝ հավատալով, որ անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան։ Նրանք, ովքեր փորձել են պատմության մեջ անհամաձայնություն սերմանել և քանդել մեր միջև եղած ամուր կամուրջներն ու կապերը, դեռևս չեն հասել իրենց նպատակներին»,- նշել է Էրդողանը, որը չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է` երբեք թույլ չի տվել, որ ժողովրդից որևէ մեկը խտրականության, մեկուսացման կամ մարգինալացման ենթարկվի ինչ-ինչ պատճառներով, և ինքը դա թույլ չի տա նաև ապագայում։

Էրդողանն առաջնահերթություն է համարել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայերի բարեկեցությունը և ընդգծել նրանց ներդրումը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

«Մենք թուրքական դարաշրջան ենք կառուցելու միասին, ուս ուսի տված։ Մենք` որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, ազատ ապրելու ենք Կարմիր աստղի և կիսալուսնի դրոշի խաղաղ և հուսալի հովանու ներքո: Ես վերստին հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայ համայնքի անցյալի տառապանքների համար և հարգանքով հիշում եմ իրենց կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ Էրդողանը 2012 թվականից ի վեր ամեն ապրիլի 24-ին ցավակցական ուղերձ է հրապարակում։

arm.sputniknews