Երևանը հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը․ Դիվանագիտական ​​հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական մարտահրավեր
(last modified Mon, 26 May 2025 12:57:19 GMT )
Մայիս 26, 2025 16:27 Asia/Tehran
  • Երևանը հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը․ Դիվանագիտական ​​հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական մարտահրավեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ 2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը։ Այս որոշումը, որն արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ աջակցության, կարող է պարունակել մի քանի քաղաքական և աշխարհաքաղաքական ուղերձներ։ Հատկապես այն իրավիճակում, երբ Ռուսաստանն այս հանդիպումները համարում է իրեն մարգինալացնելու առիթ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ձևավորվել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո՝ եվրոպական երկրների միջև երկխոսության նոր հարթակ ստեղծելու նպատակով՝ առանց Ռուսաստանի և Բելառուսի ներկայության։ Այս շրջանակի անդամները, անկախ ԵՄ անդամակցությունից, քննարկում և կարծիքներ են փոխանակում այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը, էներգետիկան և արտաքին քաղաքականությունը։ Նման կարևոր գագաթնաժողովի հյուրընկալումը Հայաստանի նման փոքր, զարգացող երկրի համար դիվանագիտական ​​տեսանկյունից նվաճում է համարվում։ Ինչպես ընդգծեց APRI Armenia-ի վերլուծաբան Բենիամին Պողոսյանը, սա կլինի երկրում կայանալիք ամենամեծ միջազգային միջոցառումը 2018 թվականի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։

Այս միջոցառումը Երևանի հյուրընկալությամբ անցկացնելուն անմիջապես արձագանքեց Ռուսաստանը։ Փաշինյանի պաշտոնական հայտարարությունից մի քանի օր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ այդ գագաթնաժողովը Երևանում է անցկացվելու և այն որակեց որպես Ռուսաստանին մեկուսացնելու Արևմուտքի ջանքերի մի մաս։ Մոսկվայի տեսանկյունից, Ռուսաստանի մշտական ​​բացակայությունը Եվրոպական քաղաքական համայնքից և եվրոպական երկրների աջակցությունը Երևանին, Հայաստանի արտաքին քաղաքականության կողմնացույցի դեպի Արևմուտք թեքվելու նշաններ են։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանի քաղաքական մթնոլորտում հարց է առաջացել, թե այս հյուրընկալութունն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։ Չնայած Փաշինյանը փորձում է անկողմնակալ լինելու ուղերձ հղել Մոսկվային, բայց փաստերը ցույց են տալիս, որ վերջին ամիսներին երկու երկրների միջև հարաբերություններն ավելի են սառել։ Սակայն, Պողոսյանը կարծում է, որ Հայաստանը չի ցանկանում դառնալ Ռուսաստանի համար «ոչ-բարեկամ» երկիր և փորձում է կանխել լարվածության սրումը։

Այս հյուրընկալության մեկ այլ կարևոր կողմը դրա դերն է տարածաշրջանի անվտանգության հավասարումներում։ Մասնագետները կարծում են, որ այս գագաթնաժողովի անցկացումը կարող է զսպող գործոն հանդիսանալ։ Հատկապես, եթե ենթադրենք, որ Բաքուն դեռևս քննարկում է Երևանի դեմ ռազմական ճնշում գործադրելու հնարավորությունը։ Նմանատիպ իրավիճակ էր 2024 թվականին Ադրբեջանի կողմից COP29 գագաթնաժողովի հյուրընկալությունը, որը վերլուծաբանները համարում էին ագրեսիվ գործողություններից ժամանակավոր անձեռնմխելիություն ձեռք բերելու միջոց։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Փաշինյանը և Ալիևը նույնպես կարճատև հանդիպում ունեցան։ Չնայած երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ իրական առաջընթացի մասին լուրեր չկան, այս տեսակի շփումների շարունակությունը կարող է հող նախապատրաստել Հարավային Կովկասում լարվածության նվազեցման համար։

Ընդհանուր առմամբ, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալումը Հայաստանում, չնայած կարող է հաղթանակի քարտ լինել դիվանագիտության ոլորտում և հաստատել երկրի դիրքը եվրոպական մայրցամաքի նոր հավասարումներում, բայց միևնույն ժամանակ, դա կպահանջի Մոսկվայի հետ հարաբերությունների ուշադիր կառավարում և դրանից բխող անվտանգության հետևանքների վերահսկում։

 

Աղբյուրը՝ Թասնիմ լրատվական գործակալություն