Իսրայելի հարձակումը ոտնձգություն է Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ. Արմեն Գրիգորյան
(last modified Fri, 13 Jun 2025 14:59:41 GMT )
Հունիս 13, 2025 18:29 Asia/Tehran
  • Իսրայելի հարձակումը ոտնձգություն է Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ. Արմեն Գրիգորյան

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը վերջինիս տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։

Այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Իսրայելի և Իրանի միջև ռազմական էսկալացիային։

ԱԽ քարտուղարը, խոսելով այդ էսկալացիայի պայմաններում Հայաստանի վարքագծի մասին, նշել է, որ Երևանը, բնականաբար, դեռևս որոշ ժամանակ առաջ սկսել է նախապատրաստվել և քննարկել է բոլոր հնարավոր սցենարները։

«Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, և դրանց շրջանակներում կատարել ենք նաև պլանավորում։

Ըստ սցենարների՝ մենք ունենք պլանավորում, որին համապատասխան էլ կշարժվենք»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ ցանկացած էսկալացիա տարածաշրջանում հանգեցնում է անկայունության և դրանում որևէ դրական բան չի կարող լինել։

«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ հարցերը»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։ 

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը և կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու հետևել միջազգային իրավունքին։

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։