«Զանգեզուրի միջանցքի» թեմայի լինելը դիվանագիտական ձախողման գլուխգործոց է․ Ռոբերտ Քոչարյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i235394
«Զանգեզուրի միջանցքի» թեման պետք է քննարկումների թեմաներից դուրս բերվեր Արցախի կորստից հետո։ Այն, որ այս թեմայով դեռ քննարկումներ կան` դիվանագիտական ձախողման գլուխգործոց է։ «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
(last modified 2025-08-02T04:00:12+00:00 )
Օգոստոս 02, 2025 07:30 Asia/Tehran
  • «Զանգեզուրի միջանցքի» թեմայի լինելը դիվանագիտական ձախողման գլուխգործոց է․ Ռոբերտ Քոչարյան

«Զանգեզուրի միջանցքի» թեման պետք է քննարկումների թեմաներից դուրս բերվեր Արցախի կորստից հետո։ Այն, որ այս թեմայով դեռ քննարկումներ կան` դիվանագիտական ձախողման գլուխգործոց է։ «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք` հուլիսի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի այն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ, որոնցով անցնում է: Նա չէր բացառել, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նշել էր, որ Սյունիքում ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ-ն։ Իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։ Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։

«Այս թեման այլևս չպետք է գոյություն ունենար»,- ասաց Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հայտարարեց, որ իր հավաստի տեղեկություններով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Ադրբեջանի պահանջով է ավելացվել Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհի հարցը որպես 9-րդ կետ՝ իբրև հակակշիռ Լաչինի միջանցքի 5 կիլոմետրանոց հատվածին։
Այսօր, երբ չկան Արցախն ու Լաչինի միջանցքը, անհասկանալի է, թե ինչպես է հարցը մնում բանակցային սեղանին։
«Երբ այդ թեման սկսում է ապրել, ստացվում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում, որովհետև այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ձևավորում՝ ԱՄՆ-ն է քննարկում Թուրքիայի հետ, Թուրքիան Ադրբեջանի հետ, ու դու այս թեմայի մեջ չկաս։ Այսինքն՝ դու ոչ թե սեղանի շուրջ ես, այլ աշխարհաքաղաքական մենյուի մեջ ես»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից ներկայացվող իբրև թե օգուտներին՝ Քոչարյանն ընդգծեց՝ այս ճանապարհը հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստի հետ կապ չի ունենալու, այն դառնալու է Ադրբեջան-Թուրքիա-Կենտրոնական Ասիայի երկրներ կապ ապահովող ճանապարհ։
Քոչարյանը հիշեցրեց՝ օրեր առաջ թուրքական կոմղմը հայտարարեց, որ 2 միլիարդ 800 միլիոն դոլար է հատկացվում Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղի կառուցելու համար։

«Սա նշանակում է, որ այդ ենթադրյալ ճանապարհով երկաթուղին ոչ թե գալու է Երասխով Հայաստան, և Հայաստանի տարածքով մտնի Թուրքիա, այլ ուղղակի Նախիջևանից մտնելու է Թուրքիա»,- ասաց ՀՀ նախագահ երկրորդ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանն այստեղ ոչինչ չի շահելու։

Ինչ վերաբերում է ճանապարհի «արտապատվիրակմանը»՝ այստեղ էլ Ռոբերտ Քոչարյանը նկատում է՝ պետությունն իր գործառույթը չի կարող պատվիրակել մասնավոր կազմակերպությանը։ «Զվարթնոց» օդանավակայանի հետ համեմատությունը, ըստ ՀՀ երկրորդ նախագահի, անհեթեթ է։
«Աբսուրդ է։ Սա բիզնես է, բայց այդ տարածքն ամբողջությամբ քո վերահսկողության տակ է։ Իսկ, օրինակ, այդ ճանապարհին եթե մի վթար լինի, ո՞ր երկրի ճանապարհային ոստիկանությունն է այն հետաքննելու, ո՞ր երկրի դատարանում է այն լսվելու։ Եթե մահվան դեպքով պատահար լինի, ի՞նչ քննչական մարմիններ են զբաղվելու այդ ճանապարհի վրա կատարվող հանցագործություններով»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։