Փեզեշքյանը շեշտում է Հայաստանի հետ սահմանին Իրանի անվտանգային մտահոգությունները փարատելու անհրաժեշտությունը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է Թեհրանի մտահոգությունները փարատելու անհրաժեշտությունը՝ կապված ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության հետ։
Փեզեշքյանը X սոցիալական ցանցի իր էջում գրել է. «ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության համոզմունքը կայանում է նրանում, որ պետք է պահպանվեն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և շարունակվեն երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները»։
Իրանի նախագահը հավելել է. «Մեր մտահոգությունները ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լիովին փարատվեն»։
Ցամաքային ճանապարհը, որը հայտնի է որպես Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար (TRIPP), վերջերս Վաշինգտոնում վաղեմի թշնամիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրի մաս է կազմում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնագիրը Միացյալ Նահանգներին տալիս է տարանցիկ երթուղին զարգացնելու բացառիկ իրավունքներ։ Վաշինգտոնը նաև երկկողմ համաձայնագրեր է ստորագրում երկու երկրների հետ՝ էներգետիկայի, առևտրի և տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտներում համագործակցությունը մեծացնելու համար։
Փեզեշքյանը ավեի վաղ տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների հնարավոր ներկայությունը «մտահոգիչ» էր որակել՝ ասելով. «Մենք կքննարկենք այս հարցը Հայաստանի իշխանությունների հետ և կարտահայտենք մեր մտահոգությունները»։