Իրանն ու Հայաստանը ստորագրել են համատեղ հայտարարություն և համագործակցության 10 փաստաթուղթ
Երեքշաբթի օրը Իրանի նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքյանի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների իշխանությունների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն և տնտեսական, մշակութային, քաղաքական և սոցիալական ոլորտներում համագործակցության 10 փաստաթուղթ․ գործողություն, որը, երկու կողմերի պաշտոնյաների կարծիքով, համարվում է նոր քայլ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ։
Համատեղ հայտարարությունը ստորագրել են Իրանի նախագահը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով հարաբերությունների ընդլայնման փոխադարձ հանձնառությունը։ Այս շրջանակներում երկու կողմերի պաշտոնյաների միջև ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր արտաքին քաղաքականության, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, զարգացման, առողջապահության և լրատվամիջոցների ոլորտներում։
Տարածաշրջանային խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերություններին ավելի է բարդացնում տարածաշրջանի իրավիճակը։ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո այս հայտարարությունն արեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք մշտապես պաշտպանել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, և դա մեր քաղաքականությունն է։ Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժ կիրառման և գտնում ենք, որ տարածաշրջանում պետք է լինի կովկասյան կառավարում, և խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերություններին ավելի է բարդացնում տարածաշրջանի իրավիճակը»,– իր ելույթում նշեց Իրանի նախագահը։
Փեզեշքիանն ընդգծեց, որ ԻԻՀ–ի համար խաղաղությունը Կովկասում ռազմավարական առաջնահերթություն է, և Իրանն աջակցում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։
Իրանի նախագահը վերահաստատեց տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության մասին իրանական դիրքորոշումը` հավելելով, որ ցանկացած փոփոխություն կարող է աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ։
ՀՀ վարչապետի հետ հանդիպման և քննարկման ժամանակ Փեզեշքյանը Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բնութագրել է որպես «անկեղծ, երկարատև և պատմական» և ասել. «Իրանի ժողովրդի և հեղափոխության առաջնորդի համոզմունքն այն է, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է ավելի ամրապնդվեն բոլոր ոլորտներում»։
Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ հանդիպման ժամանակ Փեզեշքյանն անդրադարձավ Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ ասելով. «Անհրաժեշտ է հաշվի առնել Իրանի մտահոգություններն ու նկատառումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված փոխըմբռնման համաձայնագրի վերաբերյալ: Թեհրանը լիովին պատրաստ է ավարտին հասցնել երկարաժամկետ համագործակցության ռազմավարական ծրագիրը և միշտ ցանկացել է տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատել»:
Հայաստանի վարչապետն էլ ընդգծեց իր երկրի հանձնառությունը Իրանի հետ պատմական և բարեկամական հարաբերություններին՝ ասելով. «Անկասկած, Իրանի նկատառումները հաշվի կառնվեն նոր միջանցքների կառուցման գործընթացում: Երևանը պատրաստ է ստորագրել Իրանի հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ»:

Իրանի նախագահի այցը Երևան մեկնարկեց Հայաստանի նախագահական պալատում կայացած պաշտոնական դիմավորման արարողությամբ: Դրանից հետո Փեզեշքյանի և Փաշինյանի միջև երկկողմ բանակցությունները շարունակվեցին նախ ներկայացուցչական կազմով, ապա՝ առանձնազրույցի տեսքով: Բանակցությունները տևեցին ընդհանուր առմամբ մեկուկես ժամ, և վերջում երկու երկրները երկու բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ ստորագրեցին համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր:
Փեզեշքյանը ժամանել է Երևան երկուշաբթի՝ 2025 թվականի օգոստոսի 18-ին, ՀՀ վարչապետի պաշտոնական հրավերով, և ժամանելուն պես նրան դիմավորել են ՀՀ փոխվարչապետը և արտաքին գործերի նախարարը։ Այս պաշտոնական այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկու երկրները համաձայնության են եկել երկարաժամկետ համագործակցության փաստաթուղթ մշակելու և քաղաքական ու տնտեսական հարաբերությունները կատարելագործելու վերաբերյալ։