Գերտերությունները Հարավային Կովկասում շահեկան դիրքերով ամրապնդվելու հնարավորություն ունեն. վերլուծաբանը գնահատել է իրավիճակը
Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Հարավային Կովկասում, թեև գերտերությունների միջև առկա է ակնհայտ մրցակցություն, նույնիսկ հակամարտություն, այնուամենայնիվ, նրանք ունեն շահեկան դիրքերով տարածաշրջանում ամրապնդվելու հնարավորություն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը հանգամանորեն անդրադարձավ վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում գերտերությունների շահերի համադրման հնարավորությանը։
«Չնայած այն հանգամանքին, որ այս պահին տարածաշրջանում ընդհանուր ապաշրջափակման և կոնկրետ Հայաստանի ապաշրջափակման գործընթացում առկա դերակատարների միջև կա առնվազն մրցակցություն կամ առավելագույն դեպքում հակամարտություն՝ ներկա իրողությունները թույլ են տալիս որոշակի փոխադարձ շահերի ճանաչման տեսանկյունից ստեղծված իրավիճակի պայմաններում սթափ գնահատել առավել շահեկան դիրքերով ամրապնդվելու հնարավորությունները։
Ակնհայտ է, որ այս պահին առկա մրցակցության մեջ ԱՄՆ-ն կարողացավ իրականացնել «ձիով քայլ» և բոլոր մրցակիցներից առաջ անցնել տարածաշրջանում 2020 թվականից քննարկվող ապաշրջափակման գործընթացում»,- ասաց Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի մրցակիցների շարքում կային ինչպես հակառակորդներ՝ ի դեմս Ռուսաստանի ու Իրանի, այնպես էլ գործընկերներ՝ ի դեմս Թուրքիայի ու Եվրամիության։
Ու թեև վերջիններս ներգրավվածության նման լուրջ և մեծ հայտ չէին ներկայացրել, բայց գոնե ակտիվորեն առաջ էին մղում տարածաշրջանն ապաշրջափակելու գաղափարը։
Ըստ վերլուծաբանի՝ ԱՄՆ-ն փաստորեն հասավ այնպիսի պայմանավորվածության, ինչն էլ նրան տվեց Ադրբեջանի և Հայաստանի կողմից ընդունելի համաձայնության հիման վրա ապաշրջափակման գործընթացում ամենաէական դերակատարումն իրականացնելու հնարավորություն։
«Նման պայմաններում Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային և այլ շահագրգիռ դերակատարներին, որոնք չկարողացան քաղաքական-դիվանագիտական մակարդակում գործընթացը տանել բացառապես իրենց շահերի տիրույթում, ոչինչ չի մնում, քան համակերպվել ստեղծված իրողությունների հետ և փորձել առնվազն իրենց համար շահեկան իրավիճակ ապահովել։ Այս դեպքում, օրինակ, Իրանի համար առաջնային և կարևոր գործոններից մեկն ԱՄՆ-ի ռազմական ներկայության բացառումն է, թեկուզ ձևական եղանակով դե-յուրե ու դե-ֆակտո ներկայության բացառումը»,- նշեց քաղաքագետը։
Պետրոսյանը հավելեց, որ երկրորդ կարևոր գործոնը նախապես հռչակված չորս հիմնական սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության և փոխադարձության վրա հիմնված գործընթացին աջակցելն է, որովհետև հենց նման սկզբունքների պարագայում է, որ Իրանն ուղիղ կերպով ևս կարողանում է օգտվել տվյալ գործընթացից՝ վերականգնելով շատ ավելի շահեկան երկաթուղային ու ավտոճանապարհային կապը Հայաստանի հետ և Հայաստանի միջոցով նաև սևծովյան տարածաշրջանի ու Ռուսաստանի հետ։
«Իրանական կողմն, ըստ ամենայնի, փորձելու է հենց այս տրամաբանությամբ շարժվել դրական օրակարգի պայմաններում։ Իհարկե, չի կարելի բացառել նաև ապաշրջափակման գործընթացը հնարավորինս խոչընդոտելուն միտված որոշակի գործողություններ, որոնք կկրեն լատենտ բնույթ, որովհետև պետք է օբյեկտիվորեն նշել, որ տարածաշրջանային ապաշրջափակումը և նախկին ենթակառուցվածքային իրավիճակի փոփոխությունը որևէ կերպ չեն կարող բխել թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից»,- ասաց Պետրոսյանը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև տասնամյակների հակամարտությունը տարբեր երկրներ օգտագործել են իրենց շահերն առաջ մղելու համար։
Օրինակ՝ Իրանն Ադրբեջանի ու Նախիջևանի միջև բացառիկ կապուղի տրամադրելու հարցում, Վրաստանն Ադրբեջանի, Թուրքիայի ու Եվրոպայի միջև էներգետիկ, տրանսպորտային կամուրջ լինելու հարցում, Ռուսաստանն էլ հայ-ադրբեջանական հակամարտությունը համակողմանիորեն օգտագործելու հարցում։
«Ուստի առնվազն լատենտային մակարդակում, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է անորոշ մնալ, որոշ գերտերություններ փորձելու են խոչընդոտել ապաշրջափակման գործընթացը։ Բայց եթե այդ քաղաքականությունը չհաջողվի, ապա փորձելու են առավելագույն օգուտներ քաղել։ Կոնկրետ Ռուսաստանը փորձելու է օգտագործել իր սահմանափակ գործիքակազմը։ Դա Հայաստանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին, որը ենթադրում է հատկապես սահմանային ու մաքսային հարցերում նշված կազմակերպության ընթացակարգերի ու իրավական լուծումների հաշվառում։ Մյուսը Հայաստանի երկաթուղիները տնօրինելու հանգամանքն է, ինչը ռուսական կողմը նույնպես փորձելու է օգտագործել ի նպաստ իր շահերի և այդ կերպ ազդել ապաշրջափակման գործընթացի վրա»,- մանրամասնեց քաղաքական վերլուծաբանը։
Պետրոսյանի հավաստմամբ՝ դիվանագիտական մակարդակում բոլոր ջանքերը միտված են որևէ բացասական զարգացում կանխելուն, իսկ եթե այդ քաղաքականությունը ձախողվի, ապա հետագայում արդեն գործընթացի վրա ազդելու հնարավորությունները մեծապես կսահմանափակվեն։
Անդրադառնալով ռուսական ու իրանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող այն տեսակետին, որ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման» նախաձեռնության տնտեսական բաղադրիչն ինչ-որ պահի կարող է վերափոխվել քաղաքական բաղադրիչի՝ ապահովելով ամերիկյան կողմի ուժային ներկայությունը տարածաշրջանում, Պետրոսյանն ընդգծեց, որ հիշյալ նախաձեռնությունն օբյեկտիվորեն դեռ բավականաչափ անորոշ կարգավիճակում է, որովհետև եթե նույնիսկ կան դետալային քննարկումներ, ապա դրանք առնվազն հրապարակային մակարդակում հայտնի չեն։
«Հետևաբար, մանրամասների ի հայտ գալուց հետո հնարավոր կլինի հասկանալ, թե Միացյալ Նահանգներն ինչպիսի ներգրավվածություն է ունենալու և ինչպիսի գործիքակազմ է կիրառելու իր ներգրավվածությունն այս բավականաչափ բարդ միջավայրում պաշտպանելու և սեփական շահերն առաջ մղելու գործում։ Անորոշությունը շատ մեծ է, ուստի չափազանց կարևոր է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակը։ Քանի դեռ գլոբալ մրցավազքի միջավայրը չի հստակեցվել, բոլոր տեսակի խաղի կանոններն էլ լինելու են ընդունելի։ Տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների ռազմական գործիքակազմով ակտիվացման հավանականությունը շատ ավելին է, քան քաղաքական-դիվանագիտական ջանքերի համադրումը, ուստի գլոբալ անորոշությունը թույլ չի տալիս դեռ հստակ կանխորոշումներ անել»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։