Վտանգավոր խաղեր. Արեշևը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ–ի և Թուրքիայի քայլերի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i236730-Վտանգավոր_խաղեր._Արեշևը_Հարավային_Կովկասում_ԱՄՆ_ի_և_Թուրքիայի_քայլերի_մասին
Զգացվում է, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային գերակայություն հաստատել Հարավային Կովկասում։ Սակայն, ինչպես կարծում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը, տեսանելի է, որ առաջատար խաղացողների շահերի պատճառով դժվար թե դա ստացվի։
(last modified 2025-09-07T11:23:59+00:00 )
Սեպտեմբեր 07, 2025 14:53 Asia/Tehran
  • Վտանգավոր խաղեր. Արեշևը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ–ի և Թուրքիայի քայլերի մասին

Զգացվում է, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային գերակայություն հաստատել Հարավային Կովկասում։ Սակայն, ինչպես կարծում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը, տեսանելի է, որ առաջատար խաղացողների շահերի պատճառով դժվար թե դա ստացվի։

Կովկասը դառնում է նավթի և գազի, օպտիկամանրաթելային գծերի, էլեկտրահաղորդման, լոգիստիկ նախագծերի լուրջ հանգույց։: Ընդ որում` այս ամենը ոչ միայն տնտեսություն է, այլև բազմաբևեռ աշխարհակարգի պայմաններում մեծ քաղաքականություն։ Աճում է արտաքին քաղաքական գործունեության ոչ պետական սուբյեկտների դերը։ Եվ մասնավոր անվտանգության կառույցներով «Թրամփի ուղին» կարող է լրջորեն խճճել կովկասյան խճանկարը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։

Փորձագետը Հայաստանի և այսպես կոչված «Թրամփի ուղու» հետ կապված երկրի ինքնիշխանության հետ առնչվող մտահոգությունների վերաբերյալ իր դիտարկումներն ունի։

«Մենք լսեցինք արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, երբ նա բավական անորոշ արտահայտվեց ճանապարհը 99 տարով վարձակալություն տալու մասին։ Բայց պետք է հիշել, որ այս հարցը քննարկվել է շատ ավելի վաղ՝ մինչև 2020 թվականը, և շատերը հիշում են Գոբլի ծրագիրը: Այսինքն՝ ծրագիրը օդից չի առաջացել։ Ծնվել է թուրքական շահերից», - նշեց նա։

Արեշևը վստահ է՝ Հարավային Կովկասը դիտարկելիս պետք է հաշվի առնել նաև նրա շուրջ տարբեր տարածաշրջանային հակամարտությունները։ Նա կարծում է, որ այսօր հատուկ ուշադրություն պետք է դարձնել այսպես կոչված «Թրամփի ուղուն»։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրման արձագանքներն անմիջապես հասան նաև Չինաստան, քանի որ ՉԺՀ-ն այժմ շատ ակտիվ է գործում տարածաշրջանում:

Տարածաշրջանային հարցերի թնջուկ, որը լուծելու համար պետք է մանրակրկիտ աշխատել

Արեշևի խոսքով՝ չինացիները Հարավային Կովկասում տարբեր նախագծեր են իրականացնում՝ լոգիստիկ, տրանսպորտային, կոմունիկացիոն։ Չինաստանի դեսպանությունն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի տարածքում։ Եվ տարածաշրջանում ուժերի նման դասավորության դեպքում ամեն տեսակի ամերիկյան կառույցների, անհասկանալի կոնսորցիումների, մասնավոր ռազմական ընկերությունների ի հայտ գալը չի կարող չանհանգստացնել Պեկինին, ուրեմն և որոշ սխեմաների մշակման համար պարարտ հող է ստեղծում: Այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ։

Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում ակտիվորեն աշխատեց ռուսական պատվիրակության հետ, հանդիպեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Հասկանալի է, որ Թուրքիան այժմ շատ շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիոն ողջ հաղորդակցության բացմամբ, առաջին հերթին` Սյունիքով։ Փորձագետը մատնանշեց, որ թուրքերն արդեն սկսում են երկաթգծի կառուցումը Կարսից մինչև Նախիջևանի սահման։

Այս համատեքստում, Արեշևի խոսքով, հետաքրքիր է, թե Սյունիքում ամերիկյան ներկայությունն ինչպես կհամաձայնեցվի թուրքականի հետ. հիմա դա շատ է հետաքրքրում միջազգային փորձագիտական շրջանակներին: Հետաքրքիր է նաև, թե ինչպես են այս ամենի մեջ տեղավորվելու չինական շահերը։ Արեշևը կարծում է, որ տարածաշրջանում առաջացել է հարցերի թնջուկ, որի հանգուցալուծման ուղղությամբ պետք է գլոբալ աշխարհաքաղաքական հարթակներում լուրջ աշխատանք տանել։

Ռուսաստանի նկատմամբ առճակատումը հեռանկար չունի

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այժմ այդ երկրի համար բարդ ժամանակներ են։ Դա պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով, առաջին հերթին՝ Ուկրաինայում ձգձգված հակամարտությամբ։ Այս հակամարտությանն ի սկզբանե ուշադիր հետևում են հետխորհրդային երկրների մայրաքաղաքներում և սեփական եզրակացություններն են անում։ Արեշևի խոսքով՝ արդյոք ճիշտ եզրակացություններ են դրանք, թե սխալ, այլ հարց է։

Նա ամենևին էլ վստահ չէ, որ Ռուսաստանի նկատմամբ առճակատման գիծը, մանր սադրանքների բացահայտ քաղաքականությունը ճիշտ է և կարող է արդյունավետ լինել։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այս առումով իրենց տարբեր կերպ են պահում։ Մի կողմից (խոսքը Բաքվի մասին է) ամեն տեսակ «խոսող գլուխներ» հյուսիսային հարևանի հասցեին տարբեր խայթոցներ են անում։ Մյուս կողմից (խոսքը Երևանի մասին է) տեսանելի է, որ կողմերը շահագրգռված են փոխշահավետ տնտեսական համագործակցությամբ։

Ռուսաստանը որոշակի ջանքեր է գործադրում հարևանների, մերձավոր երկրների հետ աշխատանքը վերակազմակերպելու համար։ Քաղաքագետի պնդմամբ՝ արդեն բացահայտ ասվում է, որ Ռուսաստանը բավարար ուշադրություն չի դարձնում հասարակության հետ աշխատանքին, ջանքերն ուղղված են վերնախավի, խոշոր գործարարների հետ հարաբերություններին, իսկ հասարակությունը դուրս է մնացել ուշադրության կենտրոնից։ Դրա բացասական հետևանքները հենց հիմա Ռուսաստանը զգում է։ Նույն Հայաստանում ուղիղ երկխոսություն է պետք։