Հայաստանի ՔԿ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Հայաստանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին»,– ասված է հաղորդագրությունում։
Արթուր Պողոսյանն անդրադարձել է երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տեղեկատվության փոխանակման և քննչական հարցումների կատարման օպերատիվությանը, որը հատկապես տեսանելի է վերջին տարիներին՝ ՔԿ–ի և դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցության շնորհիվ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ կարևորելով, որ տարբեր քրեական վարույթներով (կեղծ թղթադրամների, արգելված դեղորայքների վերաբերյալ և այլն) նախաքննությունը կատարվում է սեղմ ժամկետներում:
Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված վարույթները գտնվում են իր և ոլորտը համակարգող տեղակալի անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև իր հանձնարարականով դրանք քննվում են առավել սեղմ ժամկետներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին: