Բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբի․ Իրանն այսօր ի հայտ է եկել որպես գերտերություն
Pars Today – Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը շեշտել է, որ հակառակորդը սկզբում կարծում էր, թե կարող է մի քանի օրվա ընթացքում ստիպել Իրանին հանձնվել, սակայն իրականում տեղի ունեցածը հակասում էր՝ հակառակորդի պատկերացումներին եւ հաշվարկներին։
Pars Today-ի հաղորդմամբ՝ IRNA-ին հղում անելով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբին ասել է․ «Այսօր Իրանն ի հայտ է եկել որպես մի ուժ, որը պարտության է մատնել աշխարհի ամենամեծ գերտերությանը։ Սա այսօրվա Իրանի մեծագույն ձեռքբերումն է»։
Գեներալ Մոհեբին նշել է․ «Իրանի ժողովուրդը տոկունության, ամուր կամքի եւ մարտիկներին սատարելու շնորհիվ դիմակայեց հակառակորդին եւ կարեւոր դեր խաղաց թշնամու նպատակների ձախողման գործում։ 25 օր անց հակառակորդը հայտնվեց անելանելի վիճակում եւ սկսեց միջնորդներ փնտրել՝ փոխըմբռնման հուշագրի միջոցով պատերազմն ավարտելու նպատակով։ Միջնորդների ներգրավվելուց հետո այս գործընթացը շարունակվեց մինչեւ 39-րդ օրը, երբ հակառակորդը, հուսահատությունից եւ անկարողությունից դրդված, ստորագրեց փոխըմբռնման հուշագիրը»։
Կորպուսի խոսնակը նշել է, որ իրենք ի սկզբանե գիտեին՝ հակառակորդը դրժելու է իր խոստումները եւ չի կատարելու ստանձնած պարտավորությունները։ Նա ասել է․ «Դեռ բանակցությունների ընթացքում հայտարարեցինք, որ մեր մատը ձգանի վրա է, եւ եթե հակառակորդը թեկուզ չնչին խախտում թույլ տա, մենք կսեղմենք ձգանը»։
Նա հավելել է․ «Անխոհեմ հակառակորդը կրկին դրժեց իր խոստումը։ Օմանի վրա ճնշում գործադրելով՝ նա փոխեց նավերի երթեւեկության ուղղությունը դեպի հարավ եւ այդպիսով խախտեց փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետը։ Մենք էլ, ինչպես նախապես զգուշացրել էինք, ի պատասխան այդ դրժմանը՝ սեղմեցինք ձգանը»։
Գեներալ Մոհեբին շարունակել է՝ նշելով, որ հակառակորդը նախկինում եւս՝ 12-օրյա եւ 40-օրյա պատերազմների ընթացքում, փորձել է հասնել իր նպատակներին, սակայն երկու դեպքում էլ ձախողվել է։
Նա ընդգծել է․ «Եթե հակառակորդն ի վիճակի լիներ դա անել, ապա անկասկած արդեն արած կլիներ։ Այսօր նրա կարողությունները թուլացել են, իսկ մերն՝ ամրապնդվել։ Եթե նրանք իրենց հզորության գագաթնակետին չկարողացան հասնել իրենց նպատակներին, ապա առավել եւս չեն կարողանա դա անել այժմ՝ ավելի թուլացած վիճակում։ Հետեւաբար, հակառակորդի հայտարարություններն ու սպառնալիքները մեզ համար ավելի շատ ծիծաղելի են, քան լուրջ վերաբերմունքի արժանի»։