Հայաստանը կդառնա համաշխարհային տրանսպորտային հաբ․ Գևորգ Պապոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i236890-Հայաստանը_կդառնա_համաշխարհային_տրանսպորտային_հաբ_Գևորգ_Պապոյան
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական շնչուղիները»:
(last modified 2025-09-11T09:24:31+00:00 )
Սեպտեմբեր 11, 2025 12:54 Asia/Tehran
  • Հայաստանը կդառնա համաշխարհային տրանսպորտային հաբ․ Գևորգ Պապոյան

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական շնչուղիները»:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նման համոզմունք հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Պապոյանն անդրադարձավ «Թրամփի ուղի» նախագծին, որի ստեղծման վերաբերյալ հռչակագիր են ստորագրել Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը:

Նա նշեց, որ առաջիկա օրերին Հայաստանում սպասում են տարբեր պատվիրակությունների. կլինի պատվիրակություն ամերիկյան կողմից, նաև թուրքական կողմից սպասվում է Սերդար Քըլըչի այցը, որը Թուրքիայի կառվարության հատուկ ներկայացուցիչն է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Փաստացի գործնական փուլում ենք: Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու Կապանի բնակիչներն ամեն օր տեսնում են այն սարերը, որ քանդվում են ու հյուսիս-հարավ նոր ճանապարհն է կառուցվում»,–ասաց նախարարը:

Նա հավելեց՝ զուգահեռ ամերիկյան կողմը կգա, կծանոթանա, հողի վրա հաշվարկներ կիրականացնի: «Եվ կմտնենք պրակտիկ փուլ, որի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային տրանսպորտային հաբ»,-նշեց Պապոյանը:

Ըստ նրա՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»:

«Հայաստանը հերիք չէ՝ դեպի ծով ելք չունի, դեռ եղած ցամաքային սահմանների 75 տոկոսն էլ փակ է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ զարմանքի արժանի է, որ փակ սահմանների պայմաններում այսքան տնտեսական աճ է գրանցվել:

Տարբեր գնահատականներ կան, թե ապաշրջափակման դեպքում Հայաստանի տնտեսական աճը որքան կկազմի: Նախարարի խոսքով՝ հիմա հետազոտություններ են պատվիրել:

«Նաև ունենք հետազոտություն, որ  Հայաստան ներմուծվող բազմաթիվ ապրանքների գներ էականորեն կիջնեն: Ապրանքներ կան, որոնք Հայաստանը ստիպված է ներմուծել, և դրանք Հայաստանում բավականին թանկ են: Եվ թանկ են այն պատճառով, որ մենք լոգիստիկ խնդիրներ ունենք»,-ասաց նախարարը: