Դատախազը միջնորդեց Միքայել սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով
https://parstoday.ir/hy/news/armenia-i237538-Դատախազը_միջնորդեց_Միքայել_սրբազանին_ազատազրկել_2_տարի_6_ամիս_ժամկետով
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կարող է սպառնալ մինչև 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ մեկնարկած լրացուցիչ դատական լսումների ժամանակ նման միջնորդություն ներկայացրեց մեղադրող կողմը։
(last modified 2025-09-29T12:19:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2025 15:49 Asia/Tehran
  • Դատախազը միջնորդեց Միքայել սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կարող է սպառնալ մինչև 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ մեկնարկած լրացուցիչ դատական լսումների ժամանակ նման միջնորդություն ներկայացրեց մեղադրող կողմը։

«Միջնորդում ենք պատիժ նշանակել՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվակցելով նրա կողմից փաստացի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը»,- հայտարարեց հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը։

Նա հավելեց, որ սրբազանի կողմից կատարված հանցագործությամբ գույքային վնաս առկա չէ, ուստի գույքային հայց չի ներկայացվում։

Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Միքայել սրբազանն անմեղ է։

«Իհարկե, դատարանն արդեն մեղադրական վերդիկտ է հայտնել, և այս տեսակետից իր դիրքորոշումը հայտնել է, որը մեզ համար ի սկզբանե պարզ էր, և պարզ էր նաև, որ մեղադրողն ազատազրկում է պահանջելու՝ 2 տարի 6 ամիս, դատարանն էլ երևի հետո կա՛մ 2 տարի կնշանակի՝ «հոգատարություն» ցույց տալով, կա՛մ դատախազի ասածը կհաստատի։ Դա կանխատեսելի էր, մենք այս դատավարությամբ, ցավոք, արդարադատության զգացում չունեցանք»,- ասաց պաշտպան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։

Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

 

Sputnik․