ՀՀ քննչական կոմիտեն հաստատեց, որ անհետ կորածների հարազատներից 2–ը ձերբակալվել են
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Այդ մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ անհետ կորած անձանց հարազատների փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում ձերբակալվել են անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Նրանց նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
«Նրանք նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,– ավեալացրին կոմիտեից։
Նշենք, որ անհետ կորածների և զոհվածների հարազատներն այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին։ Ծնողները նշեցին, որ գնալու են Աջափնյակի դատարան, որտեղ քննվելու է ձերբակալվածների կալանքի հարցը։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։