ՌԴ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ վստահությունը ՀՀ–ում աճել է. հարցում
Վերջին մի քանի ամսվա տվյալներով՝ Հայաստանում աճել է վտահությունը Ռուսաստանի Դաշնության` որպես ՀՀ դաշնակցային գործընկերոջ հանդեպ։
Այսօր լրագրողների հետ զրույցում սոցիոլոգիական հարցումների արդյունքները ներկայացրեց «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը։
«Այս պահին շուրջ 37,8 %-ը նշել է, որ կցանկանա, որ ռազմադաշնակցային հարաբերություններ լինեն Ռուսաստանի հետ։ Նախորդ հարցումների համեմատությամբ աճ կա նաև ԱՄՆ–ի հետ գործակցության վստահության առումով։ Եթե նախորդ հետազոտության մեջ շուրջ 13 %–ն էր ասում, որ ԱՄՆ–ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորել, այս հետազոտությամբ` շուրջ 18,3 %-ը»,– մանրամասնեց նա։
Արմեն Խաչիկյանի խոսքով` զգալիորեն անկում է ապրել ԵՄ–ի հետ ռազմադաշնակցային հարաբերությունների վստահությունը։
«Մեր նախորդ՝ հուլիսին կատարված հետազոտության տվյալներով` 22 %–ն էր կարծում, որ ԵՄ–ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություն ունենալ, իսկ այս հետազոտության տվյալով 16 %–ն է հավատում ԵՄ–ին»,– ավելացրեց Խաչիկյանը։