Վրաստանն անվճար կիրականացնի նավթամթերքի առաջին տարանցումը Ադրբեջանից Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i240140-Վրաստանն_անվճար_կիրականացնի_նավթամթերքի_առաջին_տարանցումը_Ադրբեջանից_Հայաստան
Այսպիսին է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշումը։ Կողմերը տեղեկացված են այդ մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2025 11:13 Asia/Tehran
  • Վրաստանն անվճար կիրականացնի նավթամթերքի առաջին տարանցումը Ադրբեջանից Հայաստան

Այսպիսին է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշումը։ Կողմերը տեղեկացված են այդ մասին։

Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Վրաստանն իբր Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է 92 դոլար մեկ տոննայի դիմաց:

«Դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից հարցում է ստացել Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղուն» հանձնարարություն է  տրվել մեկանգամյա կարգով երկաթուղային բեռնափոխադրումն իրականացնել ամբողջովին անվճար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական ու հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Հիշեցնենք, որ ռուսական ցորենի խմբաքանակը հայկական «Այրում» (հայ-վրացական սահման) սահմանային երկաթուղային կայարան էր ժամանել նոյեմբերի 5-ի երեկոյան, իսկ ղազախական ցորենը` նոյեմբերի 8-ին: Դրանք վերջին 35 տարվա ընթացքում առաջին ուղիղ երկաթուղային փոխադրումներն էին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով կամ նրա տարածքով դեպի Վրաստան, ապա` Հայաստան (քանի որ Ղազախստանից եկող ցորենը նույնպես անցել է ՌԴ տարածքով)։