Իրանը և Հայաստանը խորացնում են էներգետիկ համագործակցությունը
Երևանում կայացած «Իրանի և Հայաստանի միջև էլեկտրական ցանցերի շահագործման համատեղ կոմիտեի» 5-րդ նիստում երկու երկրների պաշտոնյաներն ընդգծել են էներգիայի փոխանակման ոլորտում ռազմավարական համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում Իրանի և Հայաստանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության ներկայացուցիչները քննարկել են գալիք տարվա գործառնական ծրագրերը, մասնավորապես՝ 2026 թվականի ամռանը էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման հարցը:
Կողմերը համաձայնել են օգտագործել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման համար առկա առավելագույն գործառնական հզորությունը՝ իրանական գազի արտահանման դիմաց,որպեսզի բարձրանա էներգետիկ փոխանակման կայունությունը: Օրակարգում է նաև երկու երկրների միջև 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն արագացնելու և տեխնիկական ու հեռահաղորդակցության արձանագրությունները թարմացնելու հարցը։
Այս երկկողմ համագործակցությունը, որը սկսվել է 1997 թվականին երկու 230 կՎ գծերով, այժմ կարևոր դեր է խաղում երկու երկրների էներգետիկ անվտանգության ապահովման և էլեկտրացանցերի շահագործման օպտիմալացման գործում: Այս հանդիպման արդյունքները համարվում են արդյունավետ քայլ՝ ուղղված գործառնական համակարգման բարձրացմանը և համատեղ էներգետիկ հզորությունների օպտիմալ օգտագործմանը: