Խուդաթյանը մանրամասներ ներկայացրեց «Հյուսիս-hարավ» ճանապարհի շինարարության ընթացքից
https://parstoday.ir/hy/news/armenia-i242356-Խուդաթյանը_մանրամասներ_ներկայացրեց_Հյուսիս_hարավ_ճանապարհի_շինարարության_ընթացքից
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության շրջանակներում ամբողջությամբ ավարտվել են դեպի Գյումրի գնացող հատվածի շինարարական աշխատանքները։
(last modified 2026-02-03T15:56:01+00:00 )
Փետրվար 03, 2026 19:26 Asia/Tehran
  • Խուդաթյանը մանրամասներ ներկայացրեց «Հյուսիս-hարավ» ճանապարհի շինարարության  ընթացքից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության շրջանակներում ամբողջությամբ ավարտվել են դեպի Գյումրի գնացող հատվածի շինարարական աշխատանքները։

Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 3-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ 

 Այդ հատվածում առաջիկա օրերին կավարտվեն նաև լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները։

 Ցանցը, որպես այդպիսին, արդեն անցկացված է, հիմա միացումները կլինեն, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կհանձնվի շահագործման»,-ասաց Խուդաթյանը։

  Նրա տեղեկատվությամբ՝ հարավային հատվածում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են իրականացվել։

Մասնավորապես՝ Քաջարան-Ագարակ հատվածում ներկա պահին կատարողականը կազմում է ավելի քան 40 տոկոս։

«Այս պահին այդ շինարարությունը համարվում է Հայաստանում ամենամեծը, և 2025 թվականի ընթացքում մենք այնտեղ միջինը օրական շուրջ 65 միլիոն դրամի իրականացված աշխատանք ենք ունեցել, շուրջ 700 աշխատակից է այնտեղ աշխատել և ավելի քան 240 միավոր տեխնիկա»,-մանրամասնեց նախարարը։

Ըստ Խուդաթյանի՝ նշված հատվածում արդեն ավարտվել են 2 թունելներից մեկի փորման աշխատանքները, իսկ մյուսինը կատարվել է զգալի չափով։  Գերատեսչության ղեկավարը նշեց, որ դրանցից մեկը վերջին 30 տարում զրոյից փորված և ամենաերկար թունելն է համարվում Հայաստանում։ Այդ հատվածում նախատեսված է նաև 15 կամրջի շինարարություն, որոնցից 14-ի մասով ներկայում աշխատանքներ են իրականացվում։

Ամփոփվել է Քաջարանի թունելի կառուցման մրցույթը, իսկ առաջիկայում կկնքվի նաև համապատասխան պայմանագիրը։

 Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև թունելին մոտեցող հատվածում։ Խուդաթյանի խոսքով՝ Քաջարանի թունելի բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2026 թվականին։