Թուրքիայում շարունակում են խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան, որը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 9-11-ը, դիտարկվում է որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նոր դիվանագիտական ակտիվության ցուցանիշ:
Այս մասին ասված է թուրք քաղագետ Հազել Չագան Էլբիրի հոդվածում, որը հրապարակվել է տեղական լրատվամիջոցներում:
«Թրամփի վարչակազմի երկրորդ ժամկետի վաղ փուլում իրականացված այս շփումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այլև տարածաշրջանում ավելի լայն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացների համատեքստում:
Ռուսաստանի կողմից սպասվող նկատելի արձագանքի կամ անհանգստության արտահայտման բացակայությունը կարևոր դիտարկում է: Սա կարող է վկայել այն մասին, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններն ուղղակիորեն ուղղված չեն Ռուսաստանի ներկայիս ներկայության դեմ:
Փոխարենը՝ Վաշինգտոնի մոտեցումը Հարավային Կովկասին, ըստ ամենայնի, եվրասիական ավելի լայն ռազմավարության մաս է, որը ներառում է այլընտրանքային միջանցքների ամրապնդումը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի ստեղծած լոգիստիկ և տնտեսական կապերը հավասարակշռելու համար, էներգետիկ անվտանգության ապահովումը, կրիտիկական նշանակության հանքանյութերի մատակարարման շղթաների կառուցումը և տարածաշրջանում ԱՄՆ-ի կայուն ներկայության հաստատումը:
TRIPP-ն ուղղված է այլընտրանքային տարանցիկ միջանցքի ստեղծմանը, որը Հարավային Կովկասը կկապի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ: Նախագիծը ենթադրում է էներգակիրների, կրիտիկական հանքանյութերի և առևտրի մատակարարման շղթաներից Ռուսաստանի և Իրանի դուրսբերում, ինչպես նաև կախվածության նվազեցում այն երթուղիներից, որտեղ գերիշխում է Չինաստանը՝ նպատակ ունենալով ապահովել ԱՄՆ-ի ուղղակի հասանելիությունը մատակարարման համաշխարհային շղթաներին:
Այս նախաձեռնությունը Վաշինգտոնի երկարաժամկետ ռազմավարության մասն է՝ Եվրասիայում աշխարհատնտեսական մրցակցության մեջ դիրքերն ամրապնդելու համար: Այն միտված է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը՝ տնտեսական ինտեգրման և փոխկապակցվածության միջոցով: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ «դուրսմղման» մեխանիզմը կարող է անուղղակիորեն ազդել Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցության վրա:
TRIPP-ը հնարավորությունների կարևոր պատուհան է բացում Զանգեզուրի միջանցքի լիարժեք գործարկման և Թուրքիայի ու Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների միջև ուղղակի, անխափան կապի ապահովման համար»,- նշել է նա: